Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, գալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Արթուր Բաղդասարյանը ազդարարում է, որ իրենք սկսում են քաղաքացիական շարժում:

«Մենք 2008 թվականից առաջարկում ենք մեր հայրենակիցներին` միացնել նոր սկզբի ժամացույցը, որը վերջ կտա ցինիզմին եւ ամենաթողությանը, որը էրոզիայի է ենթարկել մեր ազգային կամքը եւ նպատակները», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բաղդասարյանը: - «Մենք պետք է կարողանանք իրոք նախագահական ընտրությունները անցկացնել հենց ազատություն, ժողովրդավարության եւ մրցակցության պայմաններում»:

«Օրինաց երկիր»-ի նախագահը հայտնեց, որ արդեն իսկ ձեւավորվել են իրենց աջակցող «շուրջ 10 հազար խմբեր». - «Մեզ պետք է նոր սկիզբ, մեզ պետք են նոր մոտեցումներ, մեզ պետք են նորարարություն, ստեղծարարություն, համարձակություն մեր հասարակությունը տանելու որակական նոր զարգացումների ճանապարհով»:

Ասուլիսի ընթացքում Բաղդասարյանը հնչեցրեց նաեւ իր մտահոգությունները նախագահական ընտրություններից առաջ հեռուստաեթերի տրամադրման «ակնհայտ անհավասարության», շարունակվող վարչական «բիրտ ճնշումների» եւ «կեղծ հարցումների կազմակերպման ու դրանց միջոցով հասարակության ուղեղների զանգվածային լվացման գործընթացի» կապակցությամբ:

Հարցին, թե արդյո՞ք կեղծ են նաեւ Գելափի հարցումները, Բաղդասարյանը պատասխանեց, որ թեեւ պատվիրատուն Գելափն է, սակայն «հարցումն իրականացնում է բոլորին քաջածանոթ Գեւորգ Պողոսյանը եւ նրա ղեկավարած Հայկական սոցիոլագիական ընկերակցությունը»:

«Նույն Գելափի հարցումների համապատասխան», - շարունակեց «Օրինաց երկիր»-ի նախագահը, - «60 տոկոսից ավելին վախեցած է... Բնականաբար, շատ-շատերը չեն կարող արտահայտել շիտակ դիրքորոշում»:

Բաղդասարյանը նաեւ առաջարկեց նախագահի բոլոր թեկնածուներին կազմել պրոֆեսիոնալ սոցիոլոգների խմբեր եւ անցկացնել «իրական սոցիոլոգիական հարցումներ». - «Մենք պետք է կարողանանք ընդամենը հաշված օրեր անց միացնել մի նոր սկզբի ժամացույց` բոլորիս համար: Թող լինի ազատ, արդար ընտրություն»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG