Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ղարաբաղի հարցում մենք ստանում ենք միջազգային հանրության լիարժեք աջակցությունը»


«Lեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում այսօր մենք ստանում ենք միջազգային հանրության լիարժեք աջակցությունը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մոլդովական «4-րդ ալիք» հեռուստատեսության հարցազրույցում:

APA գործակալության փոխանցմամբ, Ալիեւն ասել է, թե «միջազգային հանրությունը, այդ թվում Եվրամիությունը, ինչպես նաեւ ղարաբաղյան կարգավորման հարցով անմիջականորեն զբաղվող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, միանշանակ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտության լուծման կողմնակիցներն են»:

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է ամբողջ աշխարհը, ՄԱԿ-ը, եւ տվյալ հարցը քննարկման առարկա չէ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը` հավելելով. - «Այս իմաստով, մենք ստանում ենք Եվրամիության բարոյական եւ քաղաքական աջակցությունը, դա իր արտահայտությունն է գտել նաեւ այն փաստաթղթում, որը մենք ստորագրել ենք Եվրամիության հետ` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Սակայն այստեղ բավարար չեն զուտ քաղաքական եւ դիվանագիտական հայտարարությունները»:

Ալիեւի պնդմամբ, Հայաստանը հաշվի չի նստում միջազգային հանրության կոչերի հետ. - «Ցավոք, ագրեսոր պետությունը` Հայաստանը, դեռ չի անսում իրեն ոչ թե միջնադարի, այլ 21-րդ դարի իրողություններին համապատասխան դրսեւորելու` համաշխարհային հանրության կոչերին: Այս հարցում հայերի մոտեցման մեջ նկատելի է վերաբերմունք, որը բնորոշ է միջին դարերին»:

«Հայերին երբեք չի հաջողվի հասնել Ադրբեջանից Lեռնային Ղարաբաղի անջատմանը: Միջազգային հանրությունը երբեք չի ճանաչի Lեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն, իսկ Ադրբեջանը երբեք իր համաձայնությունը չի տա դրան», - վստահեցրել է Ադրբեջանի նախագահը:

Հակամարտության կարգավորման ուղիները, Ալիեւի պնդմամբ, «մակերեսին են». - «Այդ ուղիները բոլորի` այդ թվում Մոլդովայի համար, նույնն են: Խնդիրը, որին մենք բախվում ենք, ագրեսիվ անջատողականությունն է: Հիմքերը, պատճառները եւ, ցավոք, նաեւ հետեւանքները Lեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի, Աբխազիայի, Հյուսիսային Օսիայի հիմնախնդիրների դեպքում նույնն են: Այդ իսկ պատճառով, դրանք պետք է լուծվեն միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»:

Ադրբեջանական պետության ղեկավարը հույս է հայտնել, որ «Հայաստանում կհաղթի առողջ բանականությունը, եւ հայերը ճիշտ հետեւություններ կանեն ստեղծված իրավիճակից, համաշխարհային պրակտիկայի իրողություններից եւ տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունից»:

Նույն հարցազրույցում Ալիեւը նաեւ առաջին անգամ հաստատել է այս տարվա աշնանը Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրությունը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG