Մատչելիության հղումներ

Բադրի Պատարկացիշվիլի. «Իմ դեմ հալածանքների պատճառը Սահակաշվիլիի վախն է` զրկվել իշխանությունից»


Վրաստանի նախագահի թեկնածու, Lոնդոնում գտնվող մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլին «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում համոզմունք է հայտնել, թե իր դեմ սկիզբ առած հալածանքների պատճառը Միխեիլ Սահակաշվիլիի վախն է` զրկվել իշխանությունից:

«Նա սկզբում վախենում էր [«Իմեդի»] հեռուստաընկերությունից, հետագայում նաեւ` իմ փողերից: Ես բազմիցս փորձել եմ նրան բացատրել, որ իշխանության գալու նպատակ չունեմ, բայց` ապարդյուն: Սահակաշվիլիի ցանկությունն էր` նախ չեզոքացնել «Իմեդի»-ն (նա ինձ աստղաբաշխական գումար առաջարկեց ընկերության դիմաց` մոտ մեկ միլիարդ դոլար), հետագայում նաեւ ի հայտ եկան ինձ ֆիզիկապես վերացնելու ծրագրեր», - հայտարարել է վրաց օլիգարխը:

Մի քանի օր առաջ Վրաստանի գլխավոր դատախազությունը Պատարկացիշվիլիին մեղադրեց պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ: Իրավապահների պնդմամբ, Պատարկացիշվիլիի կողմնակիցները պատրաստվում են ընտրությունների հաջորդ օրը` հունվարի 6-ին, դուրս գալ փողոց` հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են:

Բողոքի ակցիաներ կլինե՞ն, թե՞ ոչ` այս հարցին Պատարկացիշվիլին պատասխանել է, թե որոշողը ոչ թե ինքն է, այլ վրաց ժողովուրդը:

«Համարում եմ, որ ձայներն անխտիր կերպով պետք է պաշտպանել: Իշխանությունները այսօր խաբում են ժողովովրդին` տարբեր սոցհարցումների տվյալներ հրապարակելով, որոնց եթե հավատանք, ապա իշխանության թեկնածուն շատ բարձր վարկանիշ ունի` մոտ 60 տոկոս: Փառք Աստծո, աստիճանաբար ի հայտ են գալիս ուրիշ հետազոտություններ, որոնք վկայում են, որ Սահակաշվիլիի վարկանիշը մոտավորապես նույնն է, ինչ մյուս առաջատար թեկնածուներինը: Այս ֆոնին պարզապես անհրաժեշտ է կանխել կեղծիքները», - ընդգծել է Վրաստանի նախագահության թեկնածուն:

«Համաձայնեք, երբ տեղեկություններ կան, որ իշխանությունները երկու բեռնատար կեղծ քվեաթերթիկ են պատրաստել` լցոնելու նպատակով, երբ ընդդիմադիր թեկնածուների ներկայացրած բողոքների թիվը արդեն մի քանի հարյուրի է հասել, ապա ժողովուրդն այս ամենը տեսնում է եւ հետեւություններ է անում», - հայտարարել է Պատարկացիշվիլին` ամփոփելով. - «Մեր նպատակը հնարավոր կեղծիքների մասին մարդկանց տեղեկացնելն է, որ ժողովուրդը հետագայում ինքը որոշի` ինչպես է պաշտպանելու ապագայի իր իրավունքը»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG