Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների համակրանքը առաջիկա ընտրություններում կիսվել է


Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները, որոնք այսօր միավորված են տարբեր կազմակերպություններում ու միավորումներում, 2008-ի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներին սատարելու հարցում բաժանվել են, հիմնականում, երկու խմբի: Մի մասը հակված է սատարելու վարչապետ Սերժ Սարգսյանին, մյուս մասը` առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Ազատամարտի վետերանների կուսակցությունը, օրինակ, հայտարարել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Կուսակցության ղեկավար Հակոբ Գրիգորյանի փաստարկմամբ` Սերժ Սարգսյանից բացի, «ոչ ոք Արցախի խնդիրը այդքան լավ չի պատկերացնում»:

«Երկրի համար վերջին տասը տարիներին կատարված գործընթացներում պարոն Սարգսյանը բավականաչափ ներդրում ունի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավելեց Գրիգորյանը: - «Վերջին հաշվով, մենք նրան ընդունում ենք որպես Ազատամարտի վետերան»:

Իսկ, օրինակ, «Սասուն» ջոկատի հրամանատար Լենդրուշ Տոնոյանի խոսքով` ինքն ու իր ջոկատի անդամները աջակցում են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, քանի որ նրա ղեկավարությամբ պատերազմ են հաղթել:

«Հաղթել ենք իր [Տեր-Պետրոսյանի] գաղափարով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Տոնոյանը` հավելելով, թե պաշտպանելով Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, ուզում են լուծել «հայ ազգի գոյատեւման խնդիրը»:

Տեր-Պետրոսյանին սատարելու մասին հայտարարել են նաեւ «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը եւ ջոկատի մյուս անդամները:

«Ինձ թվում է, կլինեն որոշակի փոփոխություններ, որոնք կտանեն դեպի բարելավում` ե’ւ սոցիալական, ե’ւ տնտեսական, ե’ւ ֆինանսական, ե’ւ աշխատանքային», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Խուդավերդյանը:

Առաջիկայում Տեր-Պետրոսյանին սատարելու մասին, ամենայն հավանականությամբ, կհայտարարի նաեւ Դաշտային հրամանատարների խորհուրդը, այդ թվում` Ղարաբաղի վետերանների միության նախագահ Արկադի Կարապետյանը, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Վլադիմիր Առաքելյանը, Արցախի գնդի հրամանատար Միքայել Ապրեսյանը:

«Հակվածություն ունենք [սատարել Տեր-Պետրոսյանին], որովհետեւ նա ավելի ընդունելի նախագահի թեկնածու է, քան, ասենք, Սերժ Սարգսյանը, որը այս տասը տարվա ընթացքում մեր աչքի առաջ քայքայեցին այս երկիրը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ապրեսյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG