Մատչելիության հղումներ

Պարգեւ Օհանյան. «Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան սատարող ուժերի համախոհ եմ»


Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայքների առաջին ատյանի նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը, ում լիազորությունները երկու ամիս առաջ դադարեցվել էին Արդարադատության խորհրդի որոշմամբ, առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից համակրում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան սատարող ուժերի համախոհ եմ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեքշաբթի օրը ասաց Օհանյանը: - «Թեեւ, անկեղծ ասած, ինձ քաղաքական գործիչ չեմ համարում... Սա շարժում է, իմ կարծիքով` համաժողովրդական շարժում, այս անգամ` արդարության գաղափարի շուրջ, որը, իհարկե, իմ համակրանքն է վայելում»:

Օհանյանը հավաստիացրեց, որ պատրաստ է իր կարողությունները ներդնել Տեր-Պետրոսյանի հաղթանակի համար:

«Համարում եմ, որ իմ առաքելությունն է պայքարել անարդարությունների դեմ», - շարունակեց նա: - «Ինձ էլի դատավոր եմ համարում, որպես անարդարությունների դեմ մշտապես պայքարող»:

«Դատավորը օրենքով անկախ է, բայց Հայաստանում դատավորները իրականում կախյալ մարդիկ են. նրանք կախված են հանրապետության նախագահից, եւ ոչ միայն», - հայտարարեց Պարգեւ Օհանյանը` հավելելով, որ դատավորները «վախենում են արդարադատություն իրականացնել», «վախենում են աթոռը կորցնել»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG