Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքացիներին կոչ է անում «չենթարկվել իշխանությունների կամայականություններին»


Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր կոչ է հղել հանրապետության քաղաքացիներին` «չենթարկվել իշխանությունների կամայականություններին եւ չարձագանքել իրավապահ մարմինների ապօրինի կանչերին»:

«Շուրջ երկու ամիս է, ինչ ողջ հանրապետությունով մեկ իմ կողմնակիցներին բանավոր կերպով կամ հեռախոսազանգերով կանչում են ոստիկանատներ եւ անվտանգության ծառայության բաժանմունքներ, որտեղ նրանց ենթարկում են հոգեբանական ճնշման, ահաբեկումների եւ սպառնալիքների՝ ստիպելու համար, որ նրանք հրաժարվեն ինձ աջակցելուց եւ իմ կազմակերպած հանրահավաքներին մասնակցելուց», - պնդում է Տեր-Պետրոսյանը:

«Ոչ մի ոստիկանապետ, ոչ մի անվտանգության ծառայության աշխատակից իրավունք չունի բանավոր կամ հեռախոսային կանչերով քաղաքացիներին հրավիրել համապատասխան բաժանմունքներ, կանչի միակ օրինական ձեւը գրավոր ծանուցագիրն է», - շեշտում է առաջին նախագահը եւ վստահեցնում. - «Մինչ այժմ արձանագրված այդօրինակ բոլոր ապօրինի գործողությունները վաղ թե ուշ դառնալու են հատուկ քննության առարկա, եւ պատասխանատուները կանգնելու են դատարանի առաջ»:

«Ճանաչեք ձեր իրավունքները, մի ենթարկվեք իշխանությունների կամայականություններին, մի արձագանքեք իրավապահ մարմինների ապօրինի կանչերին, քանի դեռ նրանք ձեզ գրավոր ծանուցագրեր չեն ուղարկել։ Իսկ ծանուցագրեր ստանալու պարագայում, կրկնօրինակեք դրանք, եւ պատճեններն ուղարկեք մեր Շարժման գրասենյակներ», - կոչ է անում Տեր-Պետրոսյանը` ամփոփելով. - «Սա, եթե կուզեք, համարեք իմ առաջին, առայժմ ոչ պաշտոնական, հրամանագիրը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG