Մատչելիության հղումներ

logo-print

Բենեդիկտոս 16-րդը սուրբծննդյան ուղերձ հղեց «Քաղաքին եւ Աշխարհին»


Անցած գիշեր Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապը Սուրբ Պետրոսի տաճարում Սուրբ Ծննդյան տոնին նվիրված պատարագ մատուցեց, որին մասնակցեցին ավելի քան 10 հազար հավատացյալներ: Հռոմի պապը ուղերձով դիմեց ավելի քան մեկ միլիարդ կաթոլիկներին: Արարողությունը ուղիղ եթերով հեռարձակվում էր շուրջ հինգ տասնյակ երկրներում:

Կաթոլիկ եւ բողոքական աշխարհը Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին: Urbi et Orbi (Քաղաքին [Հռոմին] եւ Աշխարհին)` այդպես են անվանում Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի սուրբծննդյան ավանդական ուղերձը հավատացյալներին:

«Հռոմ Քաղաքին եւ Աշխարհին» հասցեագրած պատգամը Հռոմի պապերը արտասանում են Վատիկանի Սուրբ Պետրոսի բազիլիկի կենտրոնական պատշգամբից:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու 265-րդ քահանայապետը՝ Բենեդիկտոս 16-րդը (աշխարհիկ անունը` 3ոզեֆ Աիլոիս Ռատցինգեր), ով 2005 թվականին է ընտրվել Վատիկանի առաջնորդ, սուրբծննդյան պատգամն ընթերցեց արդեն երրորդ անգամ:

Ավանդույթի համահաձայն, իր ուղերձում Հռոմի պապը նաեւ մեղքերի թողություն է շնորհում, ընդ որում` այն ստանում են ոչ միայն Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալները, այլեւ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով պատարագի հեռարձակմանը հետեւող միլիոնավոր մարդիկ աշխարհի բոլոր մայրցամաքներում:

Հայ առաքելական եկեղեցիներում հունվարի 5-ին մատուցվում է Ճրագալույցի պատարագը, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 6-ի առավոտյան, մատուցվում է Տերունական պատարագը: Եվ քանի որ Քրիստոսի ծնունդը կեսգիշերին էր, իսկ մկրտությունը` կեսօրին, հունվարի 5-ի պատարագն ունի Ծննդյան խորհուրդ, իսկ հունվարի 6-ինը՝ Մկրտության:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG