Մատչելիության հղումներ

Ընտրվեց Ռուսաստանի նոր Պետդումայի ղեկավարությունը


Ռուսաստանի նոր` հինգերորդ գումարման Պետդուման այսօր կայացած առաջին նիստում ընտրեց նախագահ, փոխնախագահներ եւ խորհրդարանական հանձնաժողովների նախագահներ: Պետդումայի նախագահ ընտրվեց նախորդ գումարման խորհրդարանի խոսնակ, «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») խմբակցության ղեկավար Բորիս Գրիզլովը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ, Պետդումայի նախագահի առաջին տեղակալ է ընտրվել «Եդինայա Ռոսիա»-ի ներկայացուցիչ Օլեգ Մորոզովը, ով նույն պաշտոնն էր զբաղեցնում նաեւ չորրորդ գումարման խորհրդարանում:

Ընտրվել են Պետդումայի նախագահի 9 տեղակալներ` Յուրի Վոլկովը, Վյաչեսլավ Վոլոդինը, Նադեժդա Գերասիմովան, Սվետլանա Ժուրովան, Լյուբով Սլիսկան, Վալերի Յազեւը` «Եդինայա Ռոսիա»-ից, Ալեքսանդր Բաբակովը` «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ից ( «Արդար Ռուսաստան»), Վլադիմիր Ժիրինովսկին` Լիբերալ դեմոկրատական կուսակցությունից եւ Իվան Մելնիկովը` Ռուսաստանի կոմկուսից:

Պետդուման հաստատել է 32 խորհրդարանական հանձնաժողովների կազմը եւ դրանց նախագահներին:

Այսօր նաեւ պաշտոնապես գրանցվել են ռուսաստանյան խորհրդարանի ստորին պալատի 4 խմբակցությունները:

Դեկտեմբերի 2-ի ընտրությունների արդյունքներով «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, ստացել է Պետդումայի 450 տեղերից 315-ը եւ խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն է կազմում: Ռուսաստանի կոմկուսին բաժին է հասել 57, Լիբերալ դեմոկրատական կուսակցությանը` 40, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի` Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի գլխավորած «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ին` 38 մանդատ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG