Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 22-ը դեկտեմբերի)


«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը, նկատելով, որ Արեւմուտքի զարգացած երկրներում հասարակությունը ամբողջության մեջ քաղաքականապես ակտիվ է ու այս կամ այն կերպ մասնակցում է երկրի կառավարմանը, տեղայնացրել է. - «Հայաստանում բնակչությունն առաջվա պես մնում է պասիվ վիճակում։ Այսինքն՝ մեզանում մի բեւեռում գոյություն ունի մարդկանց ահռելի խավ, որոնք ոչ թե երկիրը, այլ նույնիսկ սեփական շքամուտքը կառավարել անկարող են։ Փոխարենը՝ մյուս բեւեռում մեզանում մշտապես կա «ակտիվ»։ Այդ մարդիկ ունակ են դրսեւորել կատաղի էներգիա, ոչ մեկին, բացի հենց իրենցից, չներկայացնելով։ Էնտուզիաստների ցանկացած փոքրիկ կոհորտա հեշտությամբ կարող է հայտարարել, թե գործում է սոցիալական մի ամբողջ խավի կամ դասակարգի անունից ու շահերից, ըստ որում՝ հետամտելով միայն իր սեփական շահերը»։ «Որքան ավելի կտրված են այդ ակտիվիստները զանգվածներից, այնքան ագրեսիվ են», - պատկերել-ամփոփել է մեկնաբանը:

«Հայք» թերթի մեկնաբանը առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ զուգահեռել է. - «Ընտրությունը լինելու է նախեւառաջ վաստակած խաղաղության եւ արկածախնդիր պատերազմի, բաց սահմաների եւ փակ բնատնտեսության, զսպվածության եւ սանձարձակության, կրթվածության եւ տգիտության, արժանապատվության եւ խեղճության, հիմնավոր փաստարկի եւ հոխորտանքի, չափավորության եւ բեսպրեդելի, վերջապես՝ առաջադիմության եւ հետադիմության միջեւ։ Եթե կուզեք՝ ընդհանրացրեք եւ անվանեք այս ամենը ընտրություն սպիտակի եւ սեւի միջեւ»։

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, անդրադառնալով հայաստանյան լրատվական դաշտի իրողություններին, ընդգծել է. - «Պետք չէ ԶԼՄ-ների մոնիտորինգի մեծ մասնագետ լինել՝ տեսնելու համար, թե ինչպես են հեռուստաընկերությունները լուսաբանում, օրինակ, ընդդիմության հանրահավաքները. «համր» կադրերի տակ կարդացվում է քարոզչական թունոտ տեքստը, եւ դա, չգիտես ինչու, կոչվում է «ռեպորտաժ»։ «Լրագրության» նման դրսեւորումների պատճառը հայտնի է», - գրել է գլխավոր խմբագիրն ու հասցեագրել. - «Հեռուստաընկերությունները գտնվում են նախագահականի լիակատար վերահսկողության տակ, եւ դա գաղտնիք չէ նաեւ եվրոպական կառույցների համար»։ «Ճիշտ է, նույնպիսի ագրեսիվությամբ ընդդիմադիր թերթերը հարձակվում են Սերժ Սարգսյանի վրա։ Բայց համեմատել հարյուր հազարավոր լսարան ունեցող հեռուստաալիքները մի քանի հազար օրինակով տպվող թերթերի հետ հնարավոր չէ», - բաղդատել-ամփոփել է խմբագրականը:

«168 ժամ» թերթի մեկնաբանը, իր հերթին, հայացքն ուղղել է սոցիոլոգիայի ոլորտին. - «Նախընտրական այս թոհուբոհում սոցիոլոգիան հայտնվել է երկակի վիճակում. մի կողմից՝ հղումների քանակով դա կարելի է համարել բարձրակետի շրջան, մյուս կողմից՝ հանրության վերաբերմունքի առումով այն բացասական նշանով գագաթնակետի փուլում է»։ «Ըստ էության, սոցիոլոգիական հարցումների հրապարակվող արդյունքները գնալով նմանվում են Հարկային ծառայության հրապարակած խոշոր հարկատուների ցանկին, որը ոչ մի վերլուծաբան չի ընդունում իբրեւ իրականություն, այլ փորձում է վերլուծել իրականության քողարկման տեսանկյունից», - բխեցրել է մեկնաբանը:

«Ժամանակ Երեւան» թերթի վերլուծաբանը «Ջեբկիրներ» վերնագրի ներքո գնահատել է. - «Վերջին 10 օրերին արժույթի միջազգային սակարանում նկատվում է դոլարի արժեւորում։ Դոլարը եվրոյի համեմատ թանկացել է 5, իսկ ֆունտի նկատմամբ՝ 7 ցենտով։ Դոլարը արժեւորվել է ոչ միայն այս, այլեւ մնացած բոլոր արժույթների նկատմամբ»։ «Եթե Հայաստանը առնչվում է միջազգային ֆինանսական շուկայի հետ, ապա դոլարի կուրսը պետք է հասած լիներ առնվազն 318-320 դրամի։ Մինչդեռ՝ 303-305 դրամից չի բարձրանում», - նկատել է վերլուծաբանն ու հավելել. - «Տրամաբանությունը հուշում է, որ նույն գործընթացը պետք է տեղի ունենար նաեւ հայկական դրամի հետ։ Սակայն, փոխանակ դրամով արժեւորելու դոլարը, Հայաստանի իշխանությունը գնացել է հակառակ ուղղությամբ՝ արժեզրկելով եվրոն եւ մնացած բոլոր արժույթները»։ «Այսինքն, Կենտրոնական բանկն ամեն ինչ անում է, որ իրենց թալանված զգան ոչ միայն դոլարային եկամուտներ ունեցողները, այլ նաեւ բոլոր նրանք, ովքեր դրսից օգնություն են ստանում այլ արժույթների տեսքով», - բխեցրել է վերլուծաբանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG