Մատչելիության հղումներ

Այս տարի ավելի վաղ Հայաստանի կառավարության հետ համագործակցության համաձայնագիր կնքած ռուսաստանյան «Ալռոսա» ընկերության ներկայացուցիչները հայաստանյան 22 ադամանդագործական ընկերություններից փոխգործակցության նպատակով ընտրել են ընդամենը 4-ը` «Դայմոնդ Թեք»-ը, «Արեւակն»-ը, Հայաստանի ադամանդագործական ընկերությունը եւ «Յուկոս»-ը:

«Ալռոսա» ընկերության փոխնախագահ Սերգեյ Ուլինը ուրբաթ օրը Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ մշակման նպատակով արդեն Հայաստանում է ներմուծվել ալմաստի հումքի առաջին խմբաքանակը: Նա հարկ համարեց նշել, որ հաջորդ տարի իրենց ընկերությունը նախատեսում է 28-30 միլիոն դոլարի հումք մատակարարել Հայաստան:

«Եթե ամփոփենք, ապա հնարավորությունների ուսումնասիրությունները եւ արդեն մատակարարված հումքի առաջին խմբաքանակի ուղղությամբ կատարված աշխատանքները փոխգործակցության զարգացման լավատեսական հիմք են հանդիսանում», - ասաց նա:

Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի կարծիքով, հայկական կողմը եւս շատ անելիքներ ունի` «քաղաքականության ճշգրտման իմաստով, զարգացման հեռանկարները ճշտելու առումով»:

«Որպեսզի կարողանանք ավելի մեծ հնարավորություններ, ավելի լայն դաշտ ստեղծել «Ալռոսա»-ի նման ընկերության համար` տարբեր ուղղություններով Հայաստանում իր բիզնեսը ընդլայնելու համար», - փաստարկեց նախարարը` ավելացնելով. - «Վերամշակման սկզբունքով ադամանդագործության ընդլայնումը արդեն կարեւոր օգնություն է, որ մենք կարողանանք եւս մեկ շանս ստանալ այս հատվածը ոտքի կանգնեցնելու»:

Ինչ վերաբերում է «Ալռոսա»-ի եւ հայաստանյան ընկերությունների միջեւ ստորագրված պայմանագրին, ապա, ըստ «Ալռոսա»-ի փոխնախագահ Սերգեյ Ուլինի` դա «առք ու վաճառքի պայմանագիր է». - ««Ալռոսա»-ն արտոնություններ է սահմանել հայաստանյան այդ ընկերությունների համար, իհարկե` ոչ գնային, այլ հումքի դիմաց վճարելու համար: Հումքը գտնվում է ադամանդ արդյունաբերող ընկերությունների տրամադրության տակ, եւ նրանք են տնօրինում այդ ապրանքի ճակատագիրը»:

Սերգեյ Ուլինի խոսքով, այս պահին Հայաստան առաքված հումքի արժեքը մեկ միլիոն դոլարից ավելի է:

Հարցին, թե արդյո՞ք ընկերությունը հետաքրքրված չէ Հայաստանի լեռնամետալուրգիայի ոլորտով, «Ալռոսա» ընկերության նախագահը հայտարարեց, թե իրենց ներդրումային բանկը զբաղվում է դրանով եւ մեծ հետաքրքրություն է տածում Հայաստանի նկատմամբ:

Ռուսաստանյան ընկերության ղեկավարներին այսօր ընդունել են Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG