Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Նախօրեին Ազգային ժողովում ավարտված հայ-թուրքական հարաբերություններին նվիրված լսումները հանրահավաքի հետ համեմատելով, «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը շեշտադրել է. - «Ազգային ժողովում հակաթուրքական հանրահավաքի ամենահետաքրքիր քննարկումներից մեկն էլ Թուրքիայից պահանջվելիք գումարի չափի վերաբերյալ բանավեճն էր»: «Թուրքիան արդեն ճանաչեց Ցեղասպանությունը, վերադարձրեց մեր պատմական հողերը, եւ մնում է միայն պարզել, թե քանի միլիարդ դոլար պետք է մեզ փոխհատուցի», - հեգնել է գլխավոր խմբագիրն ու հավելել. - «Բնականաբար, այդ միլիարդների քանակը նույնպես կախված է ազգասիրության չափից. որքան շատ միլիարդ ես ուզում, այդքան շատ ես նվիրված ազգիդ: Այդ մրցույթի մեջ ծերունազարդ միտինգավորներն այնքան առաջ գնացին, որ դարձան ավելի դաշնակ, քան դաշնակցականներն են»:

«Ի՞նչ ավելացրին քննարկումները հայ-թուրքական հարաբերությունների անցյալի, ներկայի ու ապագայի մասին մեր պատկերացումների խորացման եւ քաղաքական կոնկրետ լուծումներ որդեգրելու համար», - իր հերթին հարցրել է «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն ու բխեցրել. - «Այստեղ է, որ հարցը մնում է բաց՝ նաեւ դեկտեմբերի 19-20-ից հետո, որովհետեւ ելույթների ու գնահատականների մեջ բացակայում են այն կոնկրետ առաջարկներն ու հստակեցումները, որոնց ամփոփման ակնկալիքով էին հրավիրվել երկօրյա խորհրդարանական քննարկումները»։ «Ինչպես սովորաբար մեզանում ընդունված է նման պարագաներում՝ խոսեցինք, լսեցինք, լմնցավ եւ ամենքս մնացինք մեր տեսակետներին», - հեգնանքով եզրափակել է մեկնաբանը։

«Իրավունք»-ի մեկնաբանը, հետեւելով Հայաստանում նախընտրական իրավիճակի զարգացման միտումներին, արձանագրել է. - «Այսպիսի անհանդուրժողական, իսկ ժամանակ առ ժամանակ ուղղակի իշխանության համար մերկապարանոց պայքար, համապատասխանաբար` կոմպրոմատների պատերազմ Հայաստանում մինչ այժմ չի եղել։ Գործնականում բոլոր քաղաքական ուժերը ինչպես իշխանական, այնպես էլ որոշ ընդդիմադիրներ, որոնք հավակնում են պետական բարձրագույն պաշտոնին, ըստ ամենայնի, մտադիր են օգտագործել թույլատրելի եւ անթույլատրելի միջոցներ ողջ զինանոցը»։ «Կարծես ինչ-որ մեկը չար, բայց վստահ ձեռքով ընտրությունները գաղափարախոսական դաշտից տեղափոխվում է փոխադարձ մեղադրանքների եւ մերկացումների հուն», - բխեցրել է մեկնաբանը։

«Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանի համոզմամբ` «նախագահական ընտրություններում իրական պայքարն ընթանալու է Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ, եւ այդ պայքարում իշխանությունները, որպես տակտիկական քայլ, որոշել են ներգրավել բազմաթիվ իբր ընդդիմադիր թեկնածուների»: «Վճարել են նրանց, խոստումներ են տվել, թե խաղացել են փառասիրության վրա՝ բացարձակապես էական չէ», - շեշտել է մեկնաբանն ու բացատրել. - «Իրականում այս կեղծ ընդդիմադիրները նախատեսված են առաջին հերթին հենց նույն եվրոպացիների համար։ Նախ՝ բոլոր հեուստաընկերություններով նրանց գործունեությունը «լայնորեն կլուսաբանվի», եւ դիտորդները ստիպված կլինեն արձանագրել, որ ընդդիմությունը լավ էլ երեւում է հեռուստաէկրաններին։ Երկրորդ՝ իշխանությունները, միեւնույն է, հույսը դրել են ոչ թե քարոզչության, այլ ընտրակեղծիքների վրա (կաշառք, լցոնումներ եւ այլն), եւ որպեսզի այդ ամենի արդյունքում նկարված թվերը «տրամաբանական» լինեն, անհրաժեշտ կլինի միջազգային կառույցներին բացատրել, որ իշխանությունները հաղթեցին, որովհետեւ ընդդիմությունը պառակտված էր»։ «Բացի այդ», - հավելել է մեկնաբանը, - «այս մանր-մունր թեկնածուները կարող են պետք գալ նաեւ ընտրություններից հետո` եթե հասարակությունը չհանդուրժի կեղծիքները, եւ միջազգային աղմուկ բարձրանա»։ «Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը կհայտարարի, թե` ի՞նչ է պատահել, ընդդիմադիր 6-7 թեկնածուներից 5-ը չեն բողոքում», - եզրափակել է մեկնաբանը։

«Հայկական ժամանակ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ «ՀՀ-ում ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների դեսպանատները վերջերս սկսել են հրաժարվել հայաստանցի բարձրաստիճան իշխանավորների կամ մերձիշխանական դեմքերի` ՀՀ-ից ելքի վիզաներ տրամադրելը։ Ընդ որում, խոսքը այնպիսի պաշտոնյաների մասին է, որոնք, ըստ տարածված կարծիքի, լրջորեն խառնված են կոռուպցիոն գործարքների մեջ»։ «Այս վերաբերմունքը ընդգծվում է հատկապես այն դեպքերում, երբ վերը նշված կատեգորիայի մարդիկ ելքի վիզա են փնտրում 2008 թվականի հունվարի երկրորդ կեսից սկսած։ Մերժման հիմքում դրվում է ընդամենը մեկ բացատրական նախադասություն. ձեր կողմից տրված վերադարձի խոստումները վստահություն չեն ներշնչում», - հավելել է թերթը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG