Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան»-ը պաշտոնապես հայտարարում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհուրդը հինգշաբթի օրը գումարած ընդլայնված նիստում հրապարակեց խորհրդի` երեք օր առաջ կայացրած որոշումը` 2008 թվականի նախագահական ընտրություններում պաշտպանել վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը իր ելույթում ասաց. - «Մենք մայիսի 12-ին կոալիցիոն հուշագիր ենք ստորագրել Հանրապետական կուսակցության հետ, եւ պետք է ունենանք միասնական թեկնածու եւ միասին պետք է աշխատենք նրա հաղթանակի համար: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը եւ ամբողջ կազմով աշխատելու է նրա հաղթանակի համար... Մեր միասնական թեկնածուն կարող է լուծել Հայաստանի առջեւ կանգնած բոլոր խնդիրները»:

«Բարգավաճ Հայաստանի»-ի քաղաքական խորհրդի անդամները, իրենց ելույթներում հիմնավորելով վարչապետ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու որոշումը, ասացին, մասնավորապես, որ Սերժ Սարգսյանը «ամենաբարձր վարկանիշ ունեցող», «ամենափորձառու», «ամենաարժանի» թեկնածուն է, «վայելում է լայն միջազգային ճանաչում»:

Իր ելույթում Սերժ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով իրեն սատարելու համար, ասաց. - «Նախագահական ընտրություններում այսպիսի ուժի քաղաքական սատարումը ստանալը իսկապես պատիվ է ցանկացած քաղաքական գործչի համար»:

Վարչապետի խոսքերով, այսօր «հիանալի հնարավորություն կա նախագահական ընտրությունների արդյունքում ձեւավորել աննախադեպ իրավիճակ, որը զերծ կլինի քաղաքական անիմաստ հակամարտություններից եւ լարվածությունից»:

«Առաջիկա նախագահական ընտրությունների մեծ կարեւորություն ունեն մեր երկրի հետագա զարգացման տեսանկյունից», - ասաց Սերժ Սարգսյանը: - «Դրական գնահատականի արժանացած վերջին խորհրդարանական ընտրությունները շատերի կողմից ընկալվել են իբրեւ հաճելի անակնկալ: Լավ նախագահական ընտրությունների արդյունքներով մենք պիտի փոխենք այսպիսի ընկալումները, պիտի ապացուցենք, որ սա ոչ թե բացառություն, այլ օրինաչափություն է»:

Նիստի ավարտին պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե իսկապե՞ս ինքը վախենում է ժողովրդից (ինչպես պնդում է ընդդիմությունը), Սերժ Սարգսյանը պատասխանեց. - «Ո’չ իշխանությունը եւ ո’չ էլ ես ժողովրդից չենք վախենում: Եթե ես ժողովրդից վախենալու լինեի, ամեն շաբաթ, ամեն կիրակի չէի գնա եւ չէի հանդիպի այդ նույն ժողովրդի հետ... Ընդհակառակը, այդ հանդիպումներից ես ոգեւորվում եմ, որովհետեւ տեսնում եմ, որ մարդկանց մեջ փոփոխություն կա: Ես բազմաթիվ անգամներ եմ մասնակցել նախընտրական պայքարների եւ իրոք ձեզ հավատացնում եմ, որ հիմա վերաբերմունքը բոլորովին ուրիշ է... Եվ այս առումով, այո, ես վախենում եմ, որ երբեւէ կարող եմ չարդարացնել ժողովրդի վստահությունը»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG