Մատչելիության հղումներ

Պիտեր Սեմնեբի. - «Նախընտրական շրջանի մթնոլորտից տպավորությունս դրական է»


Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին դրական տպավորություն է ստացել նախընտրական մթնոլորտից եւ հուսով է, որ 2008-ի նախագական ընտրությունները Հայաստանում կանցնեն ազատ եւ արդար:

«Եվրամիությունը ակնկալում է, որ առաջիկա նախագահական ընտրությունները Հայաստանում կլինեն այնպիսին, որ դրանց հետեւած միջազգային դիտորդների գնահատականներում կնշվի, որ ընտրությունները անցել են ազատ եւ արդար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը Պիտեր Սեմնեբին:

«Ընդհանուր առմամբ նախընտրական այս շրջանի մթնոլորտից տպավորությունս դրական է», - շարունակեց նա: - «Ունենք հեղինակություն վայելող եւ հստակ ծրագրեր ու գաղափարներ ունեցող քաղաքական լայն դաշտ ներկայացնող թեկնածուներ, ինչը, անշուշտ, շատ լավ է Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար: Կարծում եմ, այս ընտրությունները, թեեւ պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, արդեն խթանել են մարդկանց հետաքրքրությունը քաղաքականության ու ապագայի նկատմամբ»:

Սեմնեբին հանդիպումներ է ունեցել նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից մի քանիսի հետ: Քննարկումների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, արծարծվել է նաեւ լրատվամիջոցների գործելաոճը:

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի խոսքերով, եվրոպական կառույցները մեծ ուշադրությամբ են հետեւելու պաշտոնական քարոզարշավի ընթացքին եւ հատկապես այն բանին, թե ինչպես են լրատվամիջոցները լուսաբանում այս կամ այն թեկնածուի քարոզարշավը եւ ծրագրերը:

«Այստեղ հատկապես մեծ դեն են խաղալու լրատվամիջոցների սեփականատերերը եւ խմբագիրները: Մյուս կողմից, կառավարությունը, որպեսզի բացառի վարչական ռեսուրսի կիրառումը, ընտրությունների ժամանակ պետք է ապահովի լրատվամիջոցների մատչելիությունը բոլոր թեկնածուների համար, աջակցի բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը», - ասաց Սեմնեբին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը, Պիտեր Սեմնեբին ասաց, որ չափազանց կարեւոր է, որ նախընտրական այս ժամանակահատվածում եւ դրանից հետո չկորչի վերջին երեք տարում բանակցությունների ընթացքում ձեռքբերվածը. - «Ընտրությունները կարող են Ղարաբաղյան հիմնախնդրի, փոխզիջումների շուրջ լրացուցիչ քննարկումների հնարավորություն ստեղծել: Եվ, եթե ճիշտ կերպով արվի, դա կծառայի կայացվելիք համաձայնության լեգիտիմացմանը»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG