Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հայաստանյան թերթերն այսօր անդրադարձել են Վազգեն Մանուկյանի դիմումին դատախազությանը` «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով:

«Վազգեն Մանուկյանը պնդում է, որ «Հայկական ժամանակ»-ի «Մայն Կամպֆ» հոդվածում իրեն վերագրվող մտքերի հեղինակը ինքը չէ», - հիշեցնում է «168 ժամ»-ը: - ««Հայկական ժամանակ»-ը պարոն Մանուկյանին առաջարկել էր տրամադրել իր ձեռագրի նմուշը` հրապարակման մեջ ներկայացված հեղինակի ձեռագրի հետ համեմատելու համար: Սակայն ԱԺՄ-ի նախագահը հրաժարվել էր... Ամենայն հավանականությամբ այդպես որոշել են իշխանությունները. օգտվելով առիթից` օգտագործելով Վազգեն Մանուկյանին` ընտրություններից առաջ դատական գործընթաց սկսել ընդդիմադիր թերթի դեմ»:

«Ի՞նչ ուղությամբ կզարգանան գործողությունները ընտրությունների ժամանակ եւ դրանցից հետո» հարցին ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը կանխատեսել է. - «1-ին փուլում՝ օգտագործելով վարչական ռեսուրսները՝ Սերժ Սարգսյանին կհաջողվի հավաքած ձայների քանակով առաջինը լինել, չնայած այդ ձայները դժվար թե հատեն 30 տոկոսի սահմանը։ Երկրորդ փուլ դուրս եկած ցանկացած թեկնածու, սակայն, ի վիճակի է հաղթել նրան, քանի որ ընդդիմադիր թեկնածուների օգտին քվեարկած ժողովրդի մեծ մասը, անկախ իրենց նախընտրած թեկնածուի՝ աջակցելու կամ չաջակցելու կոչի, հակված կլինի քվեարկել ընդդեմ իշխանական թեկնածուի... Իշխանություններին կա’մ պիտի հաջողվի հաղթել առաջին փուլում, ինչը շատ դժվար է եւ կարող է բազմաթիվ հարցեր առաջացնել, կա’մ աթոռը գրավել սեփական ժողովրդի դեմ զորք հանելով»։

«Հայք» թերթը «Փնտրում են ահաբեկիչներ» վերնագրի տակ զետեղել է. - «Մեր տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարները շրջում են զորամասերում, ընտրում ֆիզիկապես ուժեղ զինվորներին եւ տեղափոխում Երեւան՝ հատուկ դասընթացներ անցկացնելու համար»։ Թերթի աղբյուրը հավելել է, թե «զինվորներին խոստացել են, թե իր ձայները պաշտպանելու համար փողոց դուրս եկած ժողովրդի վրա առավել ջանադրաբար ձեռք բարձրացնողները հետագայում աշխատանքի կտեղավորվեն իրավապահ մարմիններում»։ «Նման ցանկություն ունեցողներ գրեթե չկան», - հավելել է թերթը։

««ՀՀՇ» ցեղի կենսաբանական զենքը» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ» թերթը դիտարկել է. - «Ջերմեռանդությունը, որով ՀՀՇ-ական թերթերը սկսեցին վարկաբեկել Տեր-Պետրոսյանին միանալ չցանկացող ընդդիմության առաջորդներին, անկեղծ ասած, զարմացնում է, քանզի բացարձակապես համահունչ չէ տվյալ պահին»։ Նկատի ունենալով Վազգեն Մանուկյանի արխիվից առգրավված նյութերը, թերթը գրել է. - «Կարելի է, իհարկե, հարցնել, թե այդ ինչպե՞ս է իրավապահների բռնագրաված ձեռագիրը հայտնվել հհշականների ձեռքին։ Սակայն, այն բանից հետո, երբ Տեր-Պետրոսյանի անձնական արխիվում հայտնվեց «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործը, այդօրինակ հարցերը հռետորական են հնչում»։

Կուսակցությունների թեման արծարծելով` «Ժամանակ-Երեւան» թերթի մեկնաբանը գնահատել է. - «Կուսակցությունների խոշորացումը դրական գործընթաց է, որը ենթադրում է նաեւ ուժերի մոբիլիզացում։ Իսկ 2008-ը մեր երկրի քաղաքական կյանքում շրջադարձային է լինելու` ոչ միայն կապված է լինելու ՀՀ նոր նախագահի անձի հետ, այլեւ արդեն ակնհայտ է, որ դաշտում հստակեցման գործընթաց է սկսվելու. շատ ու շատ կուսակցություններ, հասկանալով, որ այդ կարգավիճակում այլեւս անելիք չունեն, ձգտելու են լուծարվել, միավորվել առավել խոշորներին։ Արդյունքում կհասնենք նրան, որ քաղաքական արենայում կմնան 4-5 խոշոր կուսակցություններ, որոնք կունենան կոնկրետ ծրագրեր եւ գաղափարախոսություն»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG