Մատչելիության հղումներ

Ամերիկյան հեղինակավոր «Թայմ» հանդեսը «Տարվա մարդ» է հռչակել Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինին: Նա Խորհրդային Միության եւ Ռուսաստանի ղեկավարներից թվով հինգերորդն է, որ նման պատվի է արժանանում:

1939 եւ 1942 թվականներին «Թայմ»-ը «Տարվա մարդ» էր հռչակել Իոսիֆ Ստալինին,1957-ին` Նիկիտա Խրուշչովին: 1983 թվականին հանդեսի տարվա հերոսը դարձավ Խորհրդային Միության Կոմկուսի Գլխավոր քարտուղար Յուրի Անդրոպովը: Իսկ ուղիղ 20 տարի առաջ «Թայմ»-ի շապիկին հայտնվեց Խորհրդային Միության մեկ այլ ղեկավարի` Միխայիլ Գորբաչովի լուսանկարը: 1987-ի «Տարվա մարդ» Գորբաչովը հռչակվել էր Արեւմուտքի հետ հարաբերությունները բարելավելու եւ քաղաքական համարձակ բարեփոխումներ նախաձեռնելու համար: Դրանից ընդամենը երկու տարի անց` 1989 թվականին, «Թայմ»-ի ընտրությունը կրկին կանգ առավ Գորբաչովի վրա:

Իսկ ինչո՞ւ է ամերիկյան հանդեսը հենց Պուտինին հռչակել 2007 թվականի առավել աչքի ընկած գործիչ, առավել եւս` եթե հաշվի առնենք, որ այս տիտղոսի հավակնորդների թվում էին նաեւ Խաղաղության Նոբելյան մրցանակի այս տարվա դափնեկիր, Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը, Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակ, բրիտանուհի Ջոան Ռոուլինգը, Իրաքում ամերիկյան զորքերի հրամանատար, գեներալ Փետրեուսը եւ Չինաստանի նախագահ Հու Ձինտաոն: «Թայմ»-ի խմբագիր Ռիչարդ Ստենգելը այս առթիվ պարզաբանել է. - «Պուտինը Ռուսաստանը դուրս է բերել քաոսային իրավիճակից` կայունություն հաստատելով երկրում»:

Հանդեսի խմբագիրը, սակայն, նշում է, որ «Թայմ»-ի աշխատակազմը աչքաթող չի արել Պուտինի իշխանության տարիներին ի հայտ եկած բացասական երեւույթները. - «Պուտինը վտանգ է ներկայացնում, որովհետեւ չի պաշտպանում քաղաքացիական ազատություններն ու խոսքի ազատությունը Ռուսաստանում»:

Ի դեպ, «Թայմ»-ի տարեվերջյան համարում մոտ մեկ տասնյակ վերլուծական հոդվածներ են տպագրվելու, որոնցում տրվում է Պուտինի գրեթե 10-ամյա պաշտոնավարման գնահատականը: Հոդվածներից մեկի հեղինակը ԱՄՆ-ի նախկին պետքարոտւղար Հենրի Քիսինջերն է:

Հանդեսը նաեւ ծավալուն հարցազույց է հրապարակելու համարի գլխավոր հերոսի` Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսաստանի նախագահը օրեր առաջ «Թայմ»-ի թղթակիցներին ընդունել էր իր մերձմոսկովյան նստավայրերից մեկում: Երեկ երեկոյան ռուսաստանյան հեռուստաալքիները հատվածներ հեռարձակեցին այս հարցազույցից, որում կրկին լուրջ քննադատության է ենթարկվում Արեւմուտքը, եւ առաջին հերթին` Միացյալ Նահանգները:

«Վերջին տարիներին ասում են, որ ցանկանում են մեզ ընդունել իրենց քաղաքակիրթ արեւմտյան ընտանիք: Բայց ինչո՞ւ է ձեզ թվում, որ ձեր քաղաքակրթությունն ամենալավն է: Գոյություն ունեն շատ ավելի հին քաղաքակրթություններ, քան ամերիկյանը», - մասնավորապես, հայտարարել է Պուտինը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG