Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մտադիր է Հայաստան գործուղել 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդների


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել է զեկույց, որում ամփոփված են դեկտեմբերի 4-5-ը Հայաստանում անցկացված Կարիքների գնահատման առաքելության արդյունքները:

Հայաստանի իշխանությունների, ընտրական գործընթացի պատասխանատուների, քաղաքական կուսակցությունների, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքում գրասենյակը ամփոփել է նախագահական ընտրություններից առաջ Հայաստանում տիրող իրավիճակը:

Արձանագրելով, որ առաջիկա ընտրություններն անցկացվելու են փոփոխված Ընտրական օրենսգրքով, զեկույցը նշում է, որ հանդիպումների ընթացքում իրենց զրուցակիցներից ոմանք այս փոփոխություններն անվանել են «կոսմետիկ»:

«Մի շարք զրուցակիցների կարծիքով, հասարակական վստահության մակարդակը ընտրական գործընթացի նկատմամբ մնում է ցածր: Հնարավոր տարբեր կեղծիքների թվում նրանք վկայակոչել են բազմակի քվեարկությունները, ընտրակաշառքը, մեծ թվով կեղծ անձնագրերի տպագրումը կամ քվեաթերթիկները ճանաչելու համար տարբեր գույնի գրիչների օգտագործումը: Որոշ զրուցակիցներ կարծիք են հայտնել, որ ընտրակաշառքը այս ընտրություններում մեծ չափերի կհասնի», - արձանագրում է զեկույցը:

Անդրադառնալով զանգվածային լրատվամիջոցներին, ԺՀՄԻԳ-ը ընդգծում է, որ դրանց հասանելիությունը եւ բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմանների ապահովումը մնում է «լուրջ խնդիր»:

«Չնայած Հայաստանում ԶLՄ-ների համեմատաբար մեծ թվին, եթերում բազմակարծության ապահովման խնդիրը քննադատության է ենթարկվել լրատվամիջոցների ազատության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից: Թեեւ ինչպես քարոզարշավի ժամանակ, այնպես էլ դրան նախորդող շրջանում պետական եւ մասնավոր լրատվամիջոցներում հավասար պայմանների ապահովումը երաշխավորված է օրենքով, սակայն որոշ զրուցակիցներ պնդել են, որ որոշ ընդդիմադիրների համար կան եթերից օգտվելու խոչընդոտներ, ոչ պաշտոնական մակարդակով գործադրվում է լրատվական շրջափակում, եւ դա նկատելի է Հանրային հեռուստաընկերության կողմից», - արձանագրում է զեկույցը` հավելելով, որ Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունը հայտնվել է հարկային մարմինների ուշադրության կենտրոնում «շատերի պնդմամբ` այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջին եթեր է հեռարձակել առաջին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը»:

Զեկույցում արձանագրված է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հավաստիացումներ է ստացել Հայաստանի իշխանություններից այս ընտրություններն ավելի լավ անցկացնելու եւ ընտրական գործընթացը կատարելագործելու վերաբերյալ. - «Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ առաջիկա նախագահական ընտրությունները մտադիր են անցկացնել ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորություններին եւ մյուս միջազգային չափորոշիչներին համապատասխան»:

Զեկույցում նշված է նաեւ,որ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը մտադիր է Հայաստան գործուղել 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիրորդների: Երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնողներին մտադիր են գործուղել հունվարի սկզբին, որպեսզի հետեւեն թեկնածուների գրանցման գործընթացին, ընտրարշավի ընթացքին, ԶLՄ-ների հասանելիությանը, բողոքարկման գործընթացներին: Իսկ կարճաժամկետ դիտորդները կհետեւեն քվեարկության ընթացքին:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG