Մատչելիության հղումներ

Գյումրիում տեղի ունեցավ բազմամարդ հանրահավաք


Երեկ Գյումրիում տեղի ունեցավ բազմամարդ հանրահավաք` ի պաշտպանություն ԳԱԼԱ հեռուստաընկերության:

Հանրահավաքին մասնակցում էին մարզի մոտ 30 համայնքների ներկայացուցիչներ: Հանրահավաքի կազմակերպիչները` Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբի անդամները նշեցին, որ Գյումրիում «մեկնարկել է նոր շարժում»:

«Սա նոր շարժում է լինելու` ընդդեմ բռնության, ընդդեմ անօրինականության եւ ընդդեմ ռեժիմի», - իր ելույթում ասաց Վանաձորի հելսինկյան ընկերակցության նախագահ Արթուր Սաքունցը` պարզաբանելով. - «Որովհետեւ այն, ինչ կատարվում է ԳԱԼԱ հեռուստաընկերության նկատմամբ, դա... նախ եւ առաջ յուրաքանչյուրիս նկատմամբ է»:

«Մենք այստեղ հավաքվել ենք ցույց տալու համար մեր անկոտրում կամքը եւ մեր հետեւողականությունը, որ թույլ չենք տալու ռեժիմին եւ նրա լակեյներին փակելու մեր ազատ խոսքի իրավունքը», - հավելեց Սաքունցը:

Ելույթ ունեցավ նաեւ «Այլընտրանք» շարժման նախաձեռնողներից «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` ասելով. - «Գյումրին ապացուցեց, որ ամենաազատասեր քաղաքն է Հայաստանի Հանրապետությունում»:

ԳԱԼԱ հեռուստաընկերության նկատմամբ հետապնդումները սկսվեցին այն բանից հետո, երբ հեռուստաընկերությունը անցած սեպտեմբերին ամբողջությամբ հեռարձակեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG