Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում մեկնարկեցին հայ-թուրքական հարաբերություններին նվիրված լսումները


Հայաստանի ազգային ժողովում այսօր մեկնարկեցին լսումներ` նվիրված հայ-թուրքական հարաբերություններին` խորհրդարանականների, կառավարության անդամների, հրավիրված այլ բարձրաստիճան անձանց մասնակցությամբ:

«Առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ճանապարհը հնացած չէ», - հնչեցնելով պաշտոնական Երեւանի տեսակետը, ասաց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկայանը` շարունակելով. - «Անցյալի խնդիրները, ինչքան էլ փակ լինեն, միայն հնարավոր կլինի քննարկել, կարգավորել, լուծել` եթե երկու երկրների միջեւ լինեն բաց սահմաններ, դիվանագիտական հարաբերություններ: Թուրքիան չի ուզում հասկանալ, միտումնավոր չի ուզում իրավիճակը ճիշտ ներկայացնել: Անընդհատ աղավաղում է, որովհետեւ այստեղ կա մի ակնհայտ փաստ` մեր մոտեցումների արդարացիությունը եւ թրքական մոտեցումների սնանկությունը»:

Ամեն դեպքում, ըստ Օսկանյանի, Հայաստանը կողջունի Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը. - «Եվրամիության սահմանը գալիս է Հայաստան: Մենք սահմանակից ունենում ենք Եվրամիություն: Սա մեզ համար տնտեսական, քաղաքական, բարոյական, բոլոր առումներով, ես կարծում եմ, որ մեծ հնարավորություն է: Բայց մեր մտահոգությունը կայանում է նրանում, թե արդյո՞ք Եվրամիության որոշումը կլինի արդար, անշեղում` այն, ինչ որ արվել է մյուսների համար, թե զուտ այլ նկատառումներից ելնելով, կկայացվի քաղաքական որոշում Թուրքիայի անդամակցության կապակցությամբ»:

Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը, հնչեցնելով նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցության տեսակետը, ասաց. - «Ցանկացած երկիր կուզենա, որ իր հարեւանը լինի հստակ արժեքային համակարգի ու սկզբունքների շրջանակներում, լինի կանխատեսելի, եւ հարաբերությունները լինեն ապահով»:

Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները, սակայն, չեն կարող, ըստ Թորոսյանի, առնչություն ունենալ եվրոպական արժեքներին. - «Ասում է` լռեցրեք դրսում ապրող ձեր հայրենակիցներին, թող չխոսեն Ցեղասպանության մասին, թող Եվրամիությանն անդամակցության մասին չխոսեն... Բայց, ներողություն. եկեք տեսնենք, թե այդ արժեքային համակարգում որտեղ է գտնվում խոսքի ազատությունը»:

Խորհրդարանի դաշնակցական փոխխոսնակ, նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի կարծիքով, «մենք պետք է կոտրենք Թուրքիայի իշխանությունների ստեղծած պատնեշը, աշխատենք թուրքական պառլամենտի եւ ժողովրդի հետ»:

Այսօր մեկնարկած լսումներին հրավիրված շուրջ երկու տասնյակ թուրքերից ոչ ոք հրավերը չէր ընդունել:

Լսումներին ներկա էր Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, ով թուրքերի` հայկական կողմի հրավերը չընդունելը գնահատեց հետեւյալ կերպ. - «Կարծում եմ, դա պայմանավորված է նրանով, որ լսումները համընկել են Թուրքիայում նշվող ամենակարեւոր հոգեւոր տոներից մեկի հետ»:

Լսումները կշարունակվեն վաղը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG