Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը համոզված է, որ ընդդիմադիր որեւէ թեկնածու «հաղթելու շանս չունի»


Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ, 2008-ի ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը համոզված է, որ այսօրվա դրությամբ ընդդիմադիր որեւէ թեկնածու նախագահական ընտրություններում «հաղթելու շանս չունի»:

«[Ընդդիմադիր] Թեկնածուներից ոչ մեկին հաղթանակի շքանշան այս պահին չէի տա», - լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը ասաց Մանուկյանը: - «Բնական է, որ ամենամեծ ուժը իշխանությունն է: Ընդդիմությունը կկարողանա՞ թափ հավաքել, որ հաղթի... այդպես է հարցը դրված»:

«Սերժ Սարգսյանի հաղթանակը դա ոչ թե ձայներն են», - շարունակեց նա: - «Հայաստանում իշխանության ձեռքում ի՞նչ է գտնվում. ադմինիստրատիվ ռեսուրսը` ամբողջությամբ, ֆինանսական ռեսուրսը` ամբոջությամբ, ընտրական մեխանիզմների վրա ազդեցությունը` ամբողջությամբ: Այսինքն` քանի որ ոչ լրիվ դեմոկրատական պետությունում ենք ապրում, իշխանության հնարավորությունները շատ մեծ են: Եվ դրա համար դիմացը մեծ ուժ պետք է լինի, որ կարողանա հաղթել»:

ԱԺՄ-ի առաջնորդը ասաց, որ «գոնե այս պահին» ընտրական որեւէ փուլում չի հանելու իր թեկնածությունը. - «Եթե իսկապես ստեղծվեր մի [միավորված] թիմ, եւ պետք լիներ թեկնածությունը հանել եւ ուրիշին պաշտպանել, ես պրոբլեմ չէի ունենա: Առայժմ այդպիսի բան քանի որ չի երեւում, բնական է` պետք է գնաս մինչեւ վերջ: Բայց եթե ձեւավորվի մի թիվ, որի միջոցով դու զգաս, որ կարող ես իշխանությանը ծանր վիճակի մեջ դնել եւ, իշխանություն վերցնելով, փոխել երկրի վիճակը, մարդիկ պետք է միշտ էլ դա աչքի առաջ ունենան: Ոչ միայն ես, այլ` ցանկացած թեկնածու»:

Առաջիկա նախագահական ընտրությունները, ըստ Մանուկյանի, իրավիճակը փոխելու լավ առիթ են. - «2008 թիվը տալիս է շատ մեծ շանսեր իսկապես երկրի վիճակը փոխելու: Եվ [եթե] մենք չկարողանանք անել, մեղքը մերն է»:

«Այս անգամ մենք մտնում ենք ոչ թե նույն նախագահի երկու ժամկետների արանքում, այլ մի նախագահը վերջացնում է իր ժամկետը... առաջին անգամ Հայաստանում», - պարզաբանեց նա:

Հարցին, թե ինչո՞ւ է ինքը խոսում Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ եւ չի քննադատում իշխանություններին, Վազգեն Մանուկյանը արձագանքեց, թե երբ իրենք ծեծվում ու հալածվում էին, Տեր-Պետրոսյանը «տանը նստած էր». - «Ես հետեւողականորեն տանում եմ իմ կուրսը: Եվ ես չեմ ուզենա, որ հայտվեն մարդիկ, որոնք ժողովրդին խաբեն, ու ես ձայն չհանեմ, որովհետեւ համարեմ, որ դա ընդդիմություն է... Իմ նպատակը չէ ընդդիմությունից մեկնումեկին խփելը, բայց եթե ինձ կպնում են, ես միշտ կկպնեմ»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG