Մատչելիության հղումներ

2007-ի ընթացքում սպանվել է 64 լրագրող


«Լրագրողների պաշտպանության կոմիտե» անկախ իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հրապարակել է զեկույց, որի համաձայն ավարտվող 2007 թվականի ընթացքում աշխարհի 17 երկրներում մասնագիտական գործունեության հետ առնչվող հանգամանքներում սպանվել է 64 լրագրող:

Լրագրողների համար առավել վտանգավոր երկրների ցուցակը 5 տարի շարունակ գլխավորում է Իրաքը, որտեղ այս տարի 31 լրագրող է սպանվել: Անցյալ տարի այնտեղ 30 լրագրող էր սպանվել:

Վտանգավորությանի առումով երկրորդ տեղում Սոմալին է, որտեղ 7 լրագրող է սպանվել:

Զեկույցում նշված է, որ լրագրողները զոհվել են ոչ միայն պատերազմի եւ տարբեր բախումների հետեւանքով, այլեւ իրենց մասնագիտական գործունեության արդյունքում:

Այդ առումով հիշատակում է «Ակոս» թերթի խմբագրապետ, հայազգի լրագրող Հրանտ Դինքի հունվարի 19-ին Ստամբուլում տեղի ունեցած սպանությունը: Զեկույցում ասված է, որ թուրք ազգայնականները բազմիցս սպառնալիքներ էին հնչեցրել հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն անվանած 52-ամյա Դինքի հասցեին:

Վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Հրանտ Դինքի սպանությունն անվանել է Թուրքիայի միասնությանն ուղղված հարված եւ հավաստիացրել է, որ իրավապահները կբացահայտեն ու կպատժեն մեղավորներին: Մեկ օր անց ձերբակալվել է 17-ամյա 0գյուն Սալմաստը:
Ծայրահեղ ազգայնականներ Էրհան Թունչելն ու 3ասին Հայալը մեղադրվել են Սալմաստին այդ հանցագործությանը դրդելու մեջ: Ընդհանուր առմամբ մեղադրանքներ են ներկայացվել 19 քաղաքացիների: Դատավարությունը սկսվել է հուլիսին եւ դեռ չի ավարտվել. այսօրվա դրությամբ դատական լսումները ընդհատվել են, եւ հաջորդ նիստը նշանակված է 2008 թվականի փետրվարի 11-ին:

Լրագրողների պաշտպանության կոմիտեի այս տարվա զեկույցում նշված է նաեւ, որ 2007 թվականի ընթացքում Իրաքում սպանված 31 լրագրողների թվում են «Ազատություն» ռադիոկայանի երկու թղթակիցներ:

Առաջինը սպանվել է երեք զավակների մայր Խամայիլ Խալաֆը: Անհայտ ահաբեկիչներն ապրիլի 3-ին նրան առեւանգել են Բաղդադի 3արմուք թաղամասում, իսկ ապրիլի 5-ին Ջամիա թաղամասում ոստիկանները հայտնաբերել են նրա դին:

Իրաքի հարավում գտնվող Ալ Ամարահ ավանի հենց կենտրոնում մայիսի 30-ին երեք զինյալ մեքենայով մոտեցել են հյուրանոցի մուտքի մոտ զրույցի բռնված մի խումբ լրագրողների եւ մոտ տարածությունից սառնասրտորեն գնդակահարել են «Ազատություն» ռադիոկայանի թղթակից, հինգ մանկահասակ երեխանեի հայր Նազար Աբդուալվահիդ ալ Ռադհիին, ապա մեքենայով հեռացել: Հյուրանոցի մուտքի մոտ կանգնած մի քանի լրագրող վիրավորվել է:

Զեկույցում նշվում է, որ 2007 թվականին սպանված լրագրողների թիվը՝ 64, ամենաբարձրն է 1994 թվականից ի վեր:

Կոմիտեն կազմել է մեկ այլ զեկույց, ըստ որի 2007 թվականին կան նաեւ անհետ կորած լրագրողներ, եւ քանի որ մարմիններ հայտնաբերված չեն, նրանք չկան սպանված լրագրողների ցուցակում:

ԱՊՀ-ի տարածքում աշխատող լրագրողներից անհետ կորել է «Զակոն ի պրավոսուդիե» («0րենք եւ արդարադատություն») անկախ շաբաթաթերթի 39-ամյա թղթակից 0րալգայշա 0մարշանովան: Վերջին անգամ նրան տեսել են Ալմա Աթիում այս տարվա մարտի 30-ին: 0մարշանովան շաբաթաթերթում վարել է կոռուպցիայի թեման լուսաբանող բաժինը, իշխանավորները հաճախ են զայրույթով խոսել նրա հրապարակումների մասին: Իսկ անհետանալուց չորս օր առաջ նա հրապարակել է մի վերլուծական Ալմա Աթիի շրջանում չեչենների եւ ղազախների ազգամիջյան խնդիրների մասին:

Զեկույցի համաձայն, 2007 թվականի ընթացքում երեք լրագրող անհետացել է Մեքսիկայում եւ մեկ լրագրող` Նեպալում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG