Մատչելիության հղումներ

logo-print
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը, ներկայացնելով որոշ մանրամասներ անցած շաբաթ Ստրասբուրգում Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպման վերաբերյալ, մտահոգություն է հնչեցրել «Եվրախորհրդի անդամ Հայաստանում տիրող իրավիճակով»:

«Մենք քննարկեցինք Հայաստանի առաջիկա նախագահական ընտրությունները, մասնավորապես` լրատվամիջոցների վարքագիծը. մամուլը, հեռուստատեսությունը, պնդումներն այն մասին, որ բազմաթիվ են Սերժ Սարգսյանի մասին` դրական, նրա ընդդիմախոսների մասին` բացասական հիշատակումները», - Նյու Յորքում «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է Դեւիսը: - «Անշուշտ, ես համաձայնեցի, որ ցանկացած վարչապետ ավելի շատ լուսաբանում կստանա, քան մարդիկ, որոնք վարչապետ չեն: Բայց ես բացատրում էի Հայաստանի վարչապետին, որ խնդիրը ոչ թե նրա կամ նրա ընդդիմախոսների մասին հիշատակումների քանակն է, այլ այն համոզիչ վերլուծությունը, որի համաձայն այդ մեկնաբանությունները նպաստավոր են Սերժ Սարգսյանի եւ աննպաստ` նրա ընդդիմախոսների համար: Դա սխալ է, դա կողմնակալ է, դա այն է, ինչը ճիշտ չէ ժողովրդավարության մեջ»:

Լրագրողի հարցին, թե ինչպես է արձագանքել դրան Սերժ Սարգսյանը, Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը պատասխանել է. - «Նա շատ մտահոգված էր: Կարծում եմ, իմ կողմից ազնիվ չի լինի մեջբերել նրա խոսքերը: Բայց ես արտահայտեցի իմ տեսակետը եւ շատ պարզորոշ ասացի, որ շատ մտահոգված եմ Եվրախորհրդի անդամ Հայաստանում տիրող իրավիճակով: Կարծում եմ, հակասական չի լինի, եթե վկայակոչեմ նրա հետեւյալ խոսքերը. նրա կարծիքով, իրավիճակն այժմ ավելի լավ է, քան նախկինում»:

Խոսելով իր տպավորությունների մասին, Թերրի Դեւիսն ասել է. - «Ես չեմ համեմատում: Ես խոսում եմ այն իրավիճակի մասին, որ կա այսօր: Եվ կարծում եմ, որ Հայաստանի լրատվամիջոցների ներկայիս իրավիճակը ընդհանուր առմամբ չի համապատասխանում Եվրախորհրդի չափանիշներին: Դրա վկայությունը արվել է ոչ թե Եվրախորհրդում, այլ տեղում` Հայաստանում ապրող մարդկանց կողմից: Այնտեղ մի շատ լավ կազմակերպություն կա` Երեւանի մամուլի ակումբ: Նրանք վերլուծություն են կատարել, եւ վարչապետի հետ մեր զրույցում ես հղում էի կատարում նրանց վերլուծությանը»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG