Մատչելիության հղումներ

Ջոզեֆ Փենինգթոն. «Խոսքի ազատության խնդիրը հաճախ քննարկվում է Հայաստանի իշխանությունների հետ»


Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը, նշելով, որ Միացյալ Նահանգները խիստ կարեւոր է համարում է խոսքի ազատությունը, ասաց, որ այդ հարցը «հաճախ քննարկվում է Հայաստանի իշխանությունների հետ»:

Հարցին, թե Հայաստանի իշխանությունների հետ քննարկվո՞ւմ է արդյոք ազատ էլեկտրոնային լրատվամիջոցների բացակայության հարցը, Փենինգթոնը պատասխանեց. - «Այո, քննարկվում է: Նաեւ այս պատճառով ենք մենք «Ազատություն» ռադիոկայանի այսքան մեծ աջակիցը, որովհետեւ «Ազատություն» ռադիոկայանը ԵԱՀԿ-ի կողմից նշվել էր որպես դրական օրինակ այն բանի, երբ էլեկտրոնային լրատվամիջոցը արտահայտվելու հնարավորություն է ընձեռում ընդդիմությանը, ինչպես նաեւ հարթակ է դառնում ամենատարբեր կարծիքների համար Հայաստանում»:

Հանդիպման ընթացքում անդրադառնալով Հայաստանում կայանալիք համապետական ընտրություններին, Փենինգթոնը ասաց, որ «Միացյալ Նահանգները եւ միջազգային հանրության շատ գործընկերներ» աջակցում են Հայաստանի բոլոր ջանքերին` անցկացնելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ:

«Մենք հույս ունենք եւ ակնկալում ենք, հաշվի առնելով նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որ փետրվարին անցկացվելիք ընտրությունները բարելավում կլինեն մայիսյան ընտրությունների համեմատ», - ասաց Փենինգթոնը:

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով Միացյալ Նահանգները Հայաստանում դեռեւս մայիսյան խորհրդարանական ընտրություններից ի վեր իրականացնում է ընտրությունների անցկացման աջակցության ծրագիր, որը, ի թիվս այլ միջոցառումների, ներառում է նաեւ ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման դասընթացներ:

«Մենք որոշ քննարկումներ ենք ունեցել մեր դասընթացների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ եւ մի փոքր հիասթափված ենք, որ նրանք նույնքան հետաքրքրված չեն այս գաղափարով, որքան մայիսին», - ասաց նա:

Փենինգթոնը նաեւ գոհունակություն հայտնեց exit poll անցկացնելու առաջարկությանը Հայաստանի վարչապետի դրական արձագանքին. - «Մենք շատ գոհ ենք այս հարցում վարչապետի դրական արձագանքից եւ հույս ունենք, որ դա կկարողանանք իրականացնել, թեեւ վերջնական որոշում դեռ չի կայացվել»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր համատարմատարը ասաց, որ Միացյալ Նահանգները «հույս ունի ականատես լինել հայ-թուրքական երկխոսության ակտիվացմանը եւ դրա արդյունքում դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը ու սահմանի բացմանը, քանի որ դրանից կշահեն ե’ւ Հայաստանը, ե’ւ Թուրքիան, ե’ւ ողջ տարածաշրջանը»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG