Մատչելիության հղումներ

Միքայել Հարությունյան. «Հայաստանը կարող է դուրս ալ ԵՍԶՈւ պայմանագրից, եթե Ադրբեջանը շարունակի սպառազինվել»


Հայաստանը կարող է դուրս գալ Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրից, եթե Ադրբեջանը շարունակի սպառազինվել: Այդ մասին հայտարարեց պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ Ռուսաստանի օրինակին հետեւելով` Հայաստանը դուրս գա հիշյալ պայմանագրից:

«Ամեն մի պետություն ինքն է որոշում` դուրս գալ, թե դուրս չգալ», - ասաց նախարարը: - «Հայաստանի Հանրապետությունը դեռ այդպիսի որոշում չի ընդունել, բայց եթե հետագայում Ադրբեջանը գնա այն քայլերին, որ մենք հիմա տեսնում ենք` մեծ քանակով սպառազինություն է գնում-բերում իր պետություն, ինչը հակասում է այդ պայմանագրին, եթե Ադրբեջանը կանգ չառավ, իհարկե, հետագայում կարող է պատահել, որ Հայաստանը ընդունի մեկ այլ որոշում, բայց այդ որոշումը կընդունի գերագույն գլխավոր հրամանատարը, նրանից հետո, որպես պաշտպանության նախարար, մենք, իհարկե, կիրականացնենք»:

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը նույն առիթով, մասնավորապես, ասաց. - «Իհարկե, այս պայմանագրից դուրս գալը չի բխում Հայաստանի շահերից: Իսկ եթե հանկարծ չլինի պայմանագիրը, ապա չի կարելի դա դիտարկել որպես ողբերգություն. Հայաստանը պետք է արդեն հետեւություն անի»:

«Ադրբեջանը միշտ մատնացույց է անում Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը եւ այնտեղ առկա սպառազինությունը, եւ մենք միշտ բարձրաձայնել ենք` խնդրեմ, կարծում ենք, ճիշտ կլինի նաեւ առաջարկել Ղարաբաղին` միանալ Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրին», - շեշտեց Աղաբեկյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG