Մատչելիության հղումներ

Շիգեո Կացու. «Հայաստանը տնտեսությունը շարունակել է իր հզոր աճը»


«Ես տեսնում եմ, որ այս տարի Հայաստանի տնտեսությունը շարունակել է իր հզոր աճը: Հայաստանը որոշակի առաջընթաց է արձանագրել արտաքին կապիտալի ներհոսքերի հետ կապված, սակայն դրա արդյունքում նկատվել է դրամի արժեւորում եւ սպառողական որոշ ապրանքների գների աճ»: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Շիգեո Կացուն:

«Ինչ վերաբերում է ապագայի մեր կանխատեսումներին, ասեմ, որ հեռանկարները ինձ բավական դրական են թվում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է բավարարված լինենք. բազմաթիվ նոր մարտահրավերներ գոյություն ունեն, որոնք շատ լարված աշխատանք են պահանջելու», - նշեց Շիգեո Կացուն:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե չի՞ մտահոգում արդյոք Համաշխարհային բանկին հայկական դրամի բավական կտրուկ արժեւորումը, հատկապես երբ դոլարի անկումը ազդում է արդեն իսկ մեկնարկած խոշոր ծրագրերի վերջնական իրականացման վրա, Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահը պատասխանեց. - «Կարծում եմ, արագ տնտեսական աճ արձանագրող ցանկացած երկրի դեպքում հնարավոր չէ խուսափել արտաքին կապիտալի խոշոր ներհոսքից եւ ազգային դրամի արժեւորումից: Հայաստանը լինելով փոքր, բայց բաց տնտեսություն, տվյալ դեպքում դժվարություններ ունի ազգային դրամի արժեւորման կառավարման հետ կապված: Իհարկե, գոյություն ունեն դրամի արժեւորման հետեւանքների մեղմացման մեխանիզմներ` նկատի ունեմ տնտեսությունը բաց ու մրցունակ, իսկ գործարքները ավելի արդյունավետ դարձնելը: Խոսքը բեռնափոխադրումների մասին է: Անհրաժեշտ են նաեւ լրացուցիչ միջոցառումներ ներդրումային եւ բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ»:

Իսկ Հայաստանի Կենտրոնական բանկը կարո՞ղ է կամ պե՞տք է միջամտի, երբ արձանագրվում է դրամի կտրուկ եւ չհիմնավորված արժեւորում` այս հարցադրմանը Կացուն պատասխանեց. - «Հարց այն է, ով է դատում` հիմնավորվա՞ծ է, թե՞ ոչ դրամի արժեւորումը: Ես, իհարկե, շատ եմ լսում ենթադրություններ, որ արժեւորումը միշտ չէ, որ շուկայի կողմից է առաջնորդված լինում, դրա վերաբերյալ ոչինչ ասել չեմ կարող, Հայաստանի ֆինանսական շուկան դեռ կայացման փուլում է գտնվում եւ բազմաթիվ գործիքներ են անհրաժեշտ այդ մեծ ներհոսքերը կառավարելու եւ դրանց ազդեցությունը մեղմելու համար»:

Անդրադառնալով Հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարման մրցութային գործընթացին, մասնավորապես` երկաթուղու փոխանցմանը ռուսական ընկերությանը, Կացուն ասաց. - «Մրցույթը թափանցիկ է եղել: Սկզբնական փուլում մենք ենթադրում էինք, որ մեկից ավելի մրցութային մասնակից կլինի, բայց վերջում մնաց միայն մեկը, ինչը ցավալի է: Եթե մի ընկերություն է, պետությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի տվյալ ընկերությունը աշխատի հանուն հանրային շահի: Մեզ անհրաժեշտ կլինի շատ լավ կարգավորիչ դաշտ եւ համապատասխան վերահսկում: Մենք ընկերության ազգային պատկանելիությանը չենք նայում, Համաշխարհային բանկը գլոբալ կազմակերպություն է եւ ուշադրություն է դարձնում մատուցվող ծառայությունների որակին, սակագներին, ծախսարդյունավետությանն ու կատարողականին: Բայց ընտրությունը կատարում է կառավարությունը»:

Վերջերս Մուդիս վարկանիշային ընկերությունը Հայաստանի վերաբերյալ իր զեկույցում որպես երկրին սպառնացող ռիսկ էր նշել կոռուպցիան, մասնավորապես` քաղաքական եւ տնտեսական վերնախավերի սերտաճումը: «Երբ Հայաստանի տնտեսությունը բավականաչափ զարգացած լինի, մրցակցությունը միայն դրական ազդեցություն կունենա, բայց անցման փուլում գտնվող երկրի համար դժվար է գնահատել քաղաքական եւ տնտեսական վերնախավելի միաձուլումը: Նման իրավիճակում գտնվող բազմաթիվ երկրներ գոյություն ունեն աշխարհում», - եզրափակեցեց Շիգեո Կացուն:

Այսօր Շիգեո Կացուին ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG