Մատչելիության հղումներ

«Հայաստանում ընտրությունները կեղծում են ոչ միայն ընտրությունների օրը»


«Միջազգային հանրության աչքերը պետք է բացել, որ նրանք հասկանան` Հայաստանում ընտրություն կեղծում են ոչ միայն բուն ընտրությունների օրը, այլ այդ գործընթացը շատ ավելի վաղ է սկսվում», - այսօր հայտարարեց «Լեգիտիմ նախագահ - 2008» շարժման նախաձեռնողներից` Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով ընդունել էր հիմնականում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի նախաձեռնած քննարկմանը մասնակցելու հրավերը, համոզմունք հայտնեց, թե Հայաստանում նախագահի ոչ լեգիտիմ լինելու հարցն արդեն կանխորոշված է, ուստի իշխանությունը փոխելու միակ ձեւը «գունավոր հեղափոխություն» իրականացնելն է:

«Այս ընտրությունները լինելու են ավելի վատ, որովհետեւ Սերժ Սարգսյանը` որպես իշխանության թեկնածու, երկրի ներսում ընդհանրապես ձայներ չունի», - ասաց Կարապետյանը եւ կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին` «հաշվի առնելով, որ որեւէ մեր բերած արգումենտ մեր երկրում չի հարգվել, մտածել` փետրվարի 20-ին [ընտրությունների հաջորդ օրը] իրար հետ համատեղ կատարել այդ գործողությունը»:

«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար անդամ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` անկախ այն հանգամանքից, թե նախագահի քանի՞ թեկնածու կգրանցվի, պայքարը երկուսի միջեւ է ընթանալու` Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի:

«Եթե մենք խոսում ենք իշխանափոխությունից, եթե մենք խոսում ենք ավազակապետության հեռացումից, ակնհայտ է մի բան` անկախ թեկնածուներից յուրաքանչյուրի նկատմամբ ունեցած վերապահումից, մենք պետք է հստակ ընտրություն կատարենք երկու բեւեռների միջեւ: Երրորդ բեւեռի մասին ցանկացած խոսակցություն ծառայում է իշխանությանը, որովհետեւ իշխանությանը պետք է ֆոն` կեղծիքներ իրականացնելու համար», - հայտարարեց Փաշինյանը:

Հայոց համազգային շարժման վարչության անդամ Արամ Մանուկյանը նույնպես համոզված է, որ ժողովրդական ալիքով միայն հնարավոր կլինի իրականացնել իրենց ցանկությունը` երկրում ընտրել լեգիտիմ նախագահ. - «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքը Քրիստոսն էլ իջնի եւ ժողովուրդը չաջակցի` Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ընտրվի: Իսկ Սերժ Սարգսյանի համար ոչ լեգիտիմ քայլեր անելու հավանականությունը նորից կախված է ժողովրդի կամքից»:

Շարժման մասնակիցները նաեւ համատեղ փաստաթուղթ ընդունելու որոշում կայացրեցին: Փաստաթղթի նախնական տարբերակում, մասնավորապես, ասված է. - «Մեր աչքերի առջեւ վարչական մեքենան ընտրամեքենայի է վերածվում` սպասարկելով իշխանական թեւին: Նոր թափ է ստանում ինֆորմացիոն տեռորը: Փակման եզրին է ԳԱԼԱ հեռուստաընկերությունը, իրական ընդդիմությունը զրկված է հեռուստաեթերից, դրա փոխարեն ամեն պատեհ-անպատեհ առիթով հեռուստաէկրանից չեն իջնում կեղծ ընդդիմադիրներն ու իշխանական թեւի թեկնածուն: Նման գործընթացները հուշում են, որ ինչքան մոտենում է փետրվարի 19-ը, այնքան անհնար է դառնում լեգիտիմ նախագահի ընտրության հնարավորությունը»:

Նախատեսվում է, որ ընդունվելուց հետո հայտարարությունը կուղարկվի նաեւ միջազգային կազմակերպություններին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG