Մատչելիության հղումներ

Հարություն Խաչատրյան. «Այս մրցանակը իմ ամբողջ ստեղծագործական ընթացքի հանրագումարն է»


Նիդերլանդների «Արքայազն Կլաուսի անվան մշակութային զարգացման հիմնադրամի» մրցանակը «Մշակույթ եւ հակամարտություն» անվանակարգում այս տարի շնորհվել է կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանին: Այսօր երեկոյան «Երեւան» հյուրանոցում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը եւ 25 հազար եվրո դրամական պարգեւը կինոռեժիսորին կհանձնի Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Օննո Էլդերենսբոշը:

Հոլանդացի արքայազն Կլաուսը իր անունով մրցանակը հիմնել է 10 տարի առաջ` այն շնորհելու համար մշակույթի, գիտության եւ քաղաքականության ասպարեզում ակնառու ձեռքբերումներ ունեցող անհատականությունների, որոնք պայքարում են հանուն մարդկության բարօրության:

Հարություն Խաչատրյանը հեղինակավոր մրցանակին արժանացել է կինոյի ասպարեզում գեղագիտական նվաճումների եւ հուզիչ բովանդակությամբ ստեղծագործությունների համար:

Կինոռեժիսորը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց, որ այս մրցանակը յուրատեսակ հանրագումարն է իր ամբողջ ստեղծագործական ընթացքի, որը սկսվել է դեռ 1981 թվականին, երբ ավարտել է մանկավարժական ինստիտուտի կինոյի բաժինը եւ նկարահանել իր առաջին` «Թաղի ձայները» ֆիլմը:

«Այս տարի տարբեր երկրներից ստացված հարյուրավոր հայտերից 10-հոգանոց ամենատարբեր մասնագետներից բաղկացած մրցութային հանձնաժողովը վճռել է մրցանակը ինձ շնորհել, ինչը, իհարկե, շատ պարտավորեցնող է եւ շատ ուրախալի», - նշեց կինոռեժիսորը` հավելելով. - «Մրցանակը տրվել է բոլոր ֆիլմերի համար, որովհետեւ իրենք ուսումնասիրում են մրցույթի մասնակից յուրաքանչյուր արվեստագետի ամբողջ ստեղծագործությունը»:

«Հոլանդիան ինձ համար մի շատ սիրելի երկիր է, որովհետեւ բոլոր ֆիլմերս ցուցադրվել են հենց այդ երկրի հեղինակավոր փառատոններում», - ասաց Հարություն Խաչատրյանը:

Երկու տարի առաջ «Արքայազն Կլաուսի անվան մշակութային զարգացման հիմնադրամի» մրցանակը ստացել է դերասան Միքայել Պողոսյանը:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG