Մատչելիության հղումներ

Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցերով անկախ հանձնաժողովը այսօր կայացած փակ նիստում մերժեց «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի վերաբերյալ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ներկայացրած միջնորդությունը:

Հանձնաժողովի 8 անդամներից նիստին մասնակցում էին 6-ը. բացակայում էին հանձնաժողովի նախագահ, Ոստիկանության պետի տեղակալ Արմեն Երիցյանը եւ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը: Բաբաջանյանի վաղաժամկետ ազատ արձակմանը դեմ էին հանձնաժողովի 4, կողմ` 2 անդամներ:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի 4 քրեակատարողական հիմնարկների սպասարկող այս հանձնաժողովն այսօր քննարկել ու քվեարկել է 26 միջնորդություն` բավարարելով միայն 11-ը:

Որեւէ հիմնավորում, բացատրություն չներկայացվեց կալանավայրերի վարչության շենքի մոտ հավաքված լրագրողներին եւ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին:

Նիստի ժամանակ որեւէ մեկի, այդ թվում Փոստանջյանին, ներս չէին թողնում: Պատգամավորին երկար բանակցություններից հետո ի վերջո թողեցին շենքից ներս մտնել, սակայն առաջին հարկից վերեւ բարձրանալ այդպես էլ թույլ չտվեցին: Հնարավորություն չտրվեց նաեւ հանձնաժողովին հանձնել «Ժառանգություն» խմբակցության դիմում-երաշխավորագիրը Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ:

Երկու օր առաջ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն էլ էր միջնորդագիր ուղարկել հանձնաժողովին, որով կոչ էր անում կողմ քվեարկել Բաբաջանյանին ազատ արձակելու միջնորդությանը:

Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Գրիգորի Գրիգորյանցը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց, որ հանձնաժողովի այսօրվա նիստը նախագահող` Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Հրաչյա Հարությունյանը թույլ չի տվել հրապարակել օմբուդսմենի միջնորդագիրը` գտնելով, որ դա կարող է դիտվել որպես ճնշում հանձնաժողովի անդամների որոշման վրա:

Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանին կարծիք հայտնեց, որ «ճիշտ կլիներ, որպեսզի Արման Բաբաջանյանը ազատ արձակվեր, որովհետեւ նա իր վարքագծով էլ է այդ բարոյական իրավունքը ձեռք բերել, եւ նաեւ` բոլորն էլ սխալական են այս կյանքում»:

«Եթե մարդը զղջում է եւ իրեն ճիշտ է պահում` ինչո՞ւ չընդառաջել», - նշեց Արմեն Հարությունյանը` հավելելով. - «Սա ափսոսանքով կներկայացնեմ»:

Օմբուդսմենի խոսքերով, հանձնաժողովի այն անդամները, ովքեր դեմ են եղել Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելուն, այլ մոտեցմամբ են առաջնորդվել. - «Կա նաեւ մոտեցում, որ այսօրվա իրավիճակում Հայաստանի բանակից խուսափելը բավականին լուրջ արարք է, եւ որեւէ խրախուսման միջոց չպետք է կիրառվի, նույնիսկ եթե մարդիկ իրենց լավ են պահում այդ հիմնարկներում: Սա էլ մի այլ մոտեցում է, որին մենք բացարձակապես համաձայն չենք, չենք ընդունում դա, որովհետեւ կարծում ենք, որ այդ մեկնաբանությունը ի օգուտ մարդու իրավունքների չէ»:

Հանձնաժողովի այսօրվա որոշման կապակցությամբ հայտարարություն է տարածել Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը: Հայտարարության հեղինակները, մասնավորապես, արձանագրել են. - «Այս իշխանությունն այնքան ահաբեկված է քաղաքական այլախոհությունից եւ իրական ժողովրդավարությունից, որ բացահայտ դատապարտելի մեթոդներով փորձում է լռեցնել եւ կալանքի տակ պահել ազգի նվիրյալ ազատամարտիկներին ու ազատ խոսքի ներկայացուցչին, թերեւս` նախագահական ընտրապայքարում իր թվացյալ հաջողությունը դյուրին դարձնելու սին ակնկալիքով»: Մինչդեռ, ինչպես հետգրությամբ հիշեցնում են «Ժառանգության» պատգամավորները, պաշտոնական տվյալներով` պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ավելի քան 2000 երիտասարդ օրենքով նախատեսված համապատասխան գումար մուծելով ազատվել է քրեական հետապնդումից:

Համաձայն օրենքի, Արման Բաբաջանյանի հարցը միայն երեք ամիս հետո կարող է կրկին ներկայացվել անկախ հանձնաժողովին:

Հանրապետության նախագահի հրամանագրով է հաստատվել այս հանձնաժողովի գործունեության կարգը, ինչպես նաեւ կազմը, որում ընդգրկված են Ոստիկանության պետի տեղակալը, Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալը, նախագահի աշխատակազմի պետա-իրավական վարչության պետի տեղակալը, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Փաստաբանների պալատի ներկայացուցիչները:

Որոշումները հանձնաժողովում ընդունվում են գաղտնի քվեարկությամբ` քվեարկությանը մասնակցածների ձայների պարզ մեծամասնությամբ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG