Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանությունը օժանդակում է Հայաստանի ոստիկանության տարածքային համակարգչային ցանցի ձեւավորմանը


Այսօր Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի եւ Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանի միջեւ ստորագրվել է 818 հազար դոլարի նվիրաբերության նամակ` ոստիկանության տարածքային համակարգչային ցանցի ձեւավորման վերաբերյալ:

Տարածքային համակարգչային նոր ցանցը, որը գործելու է Հայաստանի բոլոր մարզերում, հնարավորություն կտա ոստիկանության համապատասխան աշխատակիցներին օգտվել ոստիկանության գլխավոր տվյալների բազայից:

ԱՄՆ-ի դեսպանատան կողմից նվիրաբերված սարքավորումների եւ վերապատրաստման շնորհիվ Հայաստանի ոստիկանները կկարողանան ստուգել տվյալներ հանցագործությունների, գողացված ապրանքների, գրանցված մեքենաների, զենք կրելու թույլատվություն ունեցող անձանց եւ այլ կարեւոր բազաներից:

Ցանցը հնարավորություն կտա նաեւ իրական ժամանակի ռեժիմում հեռահաղորդակցվել եւ տեղեկատվություն փոխանակել Հայաստանի ոստիկանության եւ իրավապահ տարբեր կազմակերպությունների միջեւ:

Միացյալ Նահանգների դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այս նախագիծը ԱՄՆ-ի կառավարության կողմից իրականացվող բազմակողմանի իրավապահ օժանդակության մի մասն է: Ամերիկյան կառավարությունը տարեկան շուրջ 3 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանի իրավապահ ոլորտին:

Ներկայումս դեսպանատունը Հայաստանի կառավարության հետ համատեղ իրականացնում է երկու մեծ ծրագիր` սահմանային կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծում եւ ոստիկանության համար տարածքային համակարգչային ցանցի ձեւավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG