Մատչելիության հղումներ

Հայերը Բրյուսելում բողոքի ցույց են կազմակերպում


Այսօր Բելգիայի մայրաքաղաքում բողոքի ցույց կանցկացնեն եվրոպական տարբեր երկրներից ժամանած հայերը:

Երեկ Լիսաբոնում Եվրամիության երկրները ստորագրել են Եվրամիության «Բարեփոխումների պայմանագիրը», իսկ այսօր Բրյուսելում գումարում են տարեվերջյան ավանդական գագաթնաժողովը, որի ընթացքում կքննարկվի նաեւ Թուրքիայի անդամակցության հարցը:

Ցույցը նախաձեռնել են եվրոպական երկրներում գործող Հայ հեղափոխական դաշնակցության մարմինները:

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանի փոխանցմամբ, ցույցը սկսվելու է տեղական ժամանակով ժամը 10:00-ին եւ տեւելու է մոտ 4 ժամ: Ցուցարարները` ենթադրաբար, մոտ 3 հազար մարդ` եվրոպական 12 երկրներից, կհավաքվեն Եվրոպական խորհրդի շենքից ոչ հեռու:

«Ակցիայի նպատակն է ցույց տալ, որ Եվրոպայի հայությունը միակամ է եւ պահանջում է, որպեսզի ցեղասպանության հարցը չշրջանցվի Եվրամիության եւ Թուրքիայի հարաբերություններում: Ինչ հանգրվանի էլ հասնեն բանակցությունները, ինչ էլ լինի օրակարգում՝ անդամակցություն, թե առանձնաշնորհյալ գործընկերություն, եվրոպահայությունը կպահանջի, որպեսզի Եվրամիությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կենտրոնում դնի Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հիլդա Չոբոյանը` հավելելով. - «Այսինքն, նույնիսկ եթե պարզվի, որ այս բանակցությունները չեն հանգում անդամակցության, մենք կշարունակենք պահանջել, որ Թուրքիային պարտադրվի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որպեսզի Թուրքիան կարողանա «առանձնաշնորհյալ» հարաբերությունները շարունակել Եվրամիության հետ»:

Հիլդա Չոբոյանի խոսքերով, թուրքական կողմը տեղյակ է այսօրվա ցույցի մասին:

«Թուրքիայի կառավարությունը շարունակում է ջանքեր գործադրել Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ եւ այսօրինակ ցույցերը գնահատում է որպես հակաթուրքական գործունեություն», - նշեց Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG