Մատչելիության հղումներ

ՀՀՇ-ն դատի է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը


Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում այսօր սկսվեց «Շանթ» հեռուստաընկերության դեմ Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) հայցով դատավարությունը: ՀՀՇ-ն հերքում է պահանջում «Շանթ»-ի հրապարակած մի տեղեկության համար:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ, ՀՀՇ-ի վարչության անդամ Կարեն Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Հոկտեմբերի 30-ին «Շանթ» հեռուստաընկերության լրատվական ծառայությամբ նման տեղեկություն է տարածվել` Նվեր Մնացականյանի կողմից, որ զանգել են հեռուստաընկերություն եւ ասել, որ եթե եւս մեկ անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին հնչի զրպարտչական որեւէ խոսք, ապա կպայթեցնեն հեռուստաընկերությունը: Այնուհետեւ դրան հետեւել է արդեն Նվեր Մնացականյանի սուբյեկտիվ հայտարարությունը, որ «մենք դատապարտում ենք ցանկացած ահաբեկչական քայլ, սպառնալիք` լինի դա ՀՀՇ-ի կամ մեկ այլ քաղաքական ուժի կողմից»:

Հայցվոր կողմը գտնում է, որ կուսակցության անունն անհարկի կապվել է այդ հեռախոսազանգի հետ, ինչն էլ, Կարապետյանի համոզմամբ, «վնասել է կուսակցության բարի համբավը, արժանապատվությունը, նաեւ` անդամների, ինչպես նաեւ համակիրների բարի համբավը»:

«Պահանջում ենք, որպեսզի հերքում հրապարակվի եւ ՀՀՇ-ի, կուսակցության անվանումը որեւէ կերպ չառնչվի որեւէ հեռախոսազանգի, որեւէ ահաբեկման սպառնալիքի հետ», - ասաց Կարեն Կարապետյանը:

Պատասխանող կողմի` «Շանթ» հեռուստաընկերության ներկայացուցիչ Արամ Կարախանյանի կարծիքով, սակայն, ՀՀՇ-ի հայցը անհիմն է. - «Որովհետեւ, նախ, տեղեկատվությունը, որը տարածվել է «Շանթ» հեռուստաընկերության կողմից, նմանատիպ` պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավը արատավորող էլեմենտներ չի պարունակում, եւ երկրորդ` ըստ էության, հայց ներկայացնողը միջնորդավորված աղբյուրի վրա է հղում անում` «Փակագիծ» օրարթերթի, իսկ «Փակագիծ» օրաթերթը տարածել է տեղեկատվությունը` հղում անելով «Շանթ»-ի վրա, սակայն, ըստ էության, դա ներկայացնելով որպես ուրույն, այսինքն` որոշակի փոփոխությունների ենթարկելով, մասնավորապես` վերնագիր տալով դրան»:

«Փակագիծ» թերթի նոյեմբերի 1-ի համարում տվյալ հրապարակումն ունի հետեւյալ վերնագիրը` «ՀՀՇ-ն սպառնում է»: «Շանթ» հեռուստաընկերության ներկայացուցչի կարծիքով, այդ վերնագիրը բովանդակային լուրջ փոփոխություն է մտցնում տեղեկատվության մեջ:

Արամ Կարախանյանը դատական նիստի ժամանակ միջնորդեց գործով որպես երրորդ անձ ներգրավել նաեւ «Փակագիծ» օրաթերթը:

Չնայած հայցվոր կողմի առարկությանը` նիստը նախագահող դատավոր Սարո Արամյանը բավարարեց միջնորդությունը:

Դատական նիստը հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 24-ը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG