Մատչելիության հղումներ

Կասպարովը չի առաջադրվի Ռուսաստանի նախագահական ընտրություններում


Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, Կրեմլի քննադատ Գարի Կասպարովը չի առաջադրվելու 2008 թվականի մարտին Ռուսաստանում անցկացվելիք նախագահական ընտրություններում: Այդ մասին «Ասոշիեյթեդ փրես» գործակալությանը հայտնել է Կասպարովի գլխավորած «Դրուգայա Ռոսիա» («Այլ Ռուսաստան») ընդդիմադիր կոալիցիայի խոսնակ Մարինա Լիտվինովիչը:

Լիտվինովիչը իշխանություններին մեղադրել է Կասպարովի կողմնակիցներին առաջադրման համագումար անցկացնելու հնարավորություն չտալու համար` հայտնելով, որ կազմակերպիչները ի վիճակի չեն եղել Մոսկվայում գտնել որեւէ տարածք, որտեղ հնարավոր լիներ հավաքվել եւ նախագահի թեկնածու առաջադրել: Խոսնակի պնդմամբ, սեփականատերերը իշխանությունների ճնշման տակ են հրաժարվել տարածք տրամադրել:

«Իշխանությունները մեզ կանգնեցնելու համար հարուցում են բոլոր հնարավոր խոչընդոտները», - հայտարարել է «Դրուգայա Ռոսիա»-ի խոսնակը:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, ընտրություններին չմասնակցելու մտադրության մասին երեկ հայտարարել էր նաեւ շախմատի աշխարհի նախկին չեմպիոնը` իր այդ որոշումը բացատրելով իր դեմ տարվող «կեղտոտ հնարքների արշավով»:

Ռուսաստանյան օրենսդրության համաձայն, գրանցված քաղաքական կուսակցությունների հետ կապ չունեցող թեկնածուները կարող են առաջադրվել նախաձեռնող խմբերի կողմից: Այսօր լրանում է նման հավաքների անցկացման ծրագրերի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին իրազեկելու վերջնաժամկետը:

Նույնպես այսօր, ինչպես հայտնել է Մարինա Լիտվինովիչը, «Դրուգայա Ռոսիա»-ի մի քանի տասնյակ կողմնակիցների ոստիկանները թույլ չէին տալիս ավտոբուսներով մեկնել Մոսկվայի արվարձաններից մեկը` շարժման 22-ամյա ակտիվիստ Յուրի Չերվոչկինի հուղարկավորությանը մասնակցելու համար: Ի վերջո, սակայն, նրանց այդ հնարավորությունը տրվել է:

Ընդդիմադիրների պնդմամբ` Չերվոչկինը մահացել է նոյեմբերյան բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության կողմից ծեծի ենթարկվելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG