Մատչելիության հղումներ

Պայթեցվել է «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրատան դուռը


Այսօր վաղ առավոտյան պայթեցվել է «Չորրորդ իշխանություն» ընդդիմադիր թերթի խմբագրատան մուտքի դուռը:

Խմբագրատան աշխատակիցների վկայությամբ, դեպքը տեղի է ունեցել ժամը 4:00-4:30-ի սահմաններում: Նրանց պնդմամբ` պայթուցիկը դրվել է մուտքի դռան տակ:

Պայթյունից վնասվել է դռան մետաղավանդակը, ամբողջությամբ փշրվել են դռան ապակիները, ներսում մասամբ վնասվել է գույքը: Տեխնիկան, թերթի աշխատակից Մհեր Ղալեչյանի հավաստմամբ, չի տուժել:

Թերթի խմբագիր Շողեր Մաթեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դեպքից որոշ ժամանակ առաջ իրենց երկու անգամ սպառնացել են:

«Մեկը` մեր լրագրողներից մեկին մոտեցել է Սերժի Վաչոն` նրա վարորդն է, եթե չեմ սխալվում, եւ ասել է. - «Տենց բաներ որ նկարում եք, գրում եք, կարող ա մենք չկարողանանք վերահսկել սիտուացիան, ու, ասենք, գեղից-մեղից մեկը գա ու տենց բան անի, մենք էլ չկարողանանք բան անել», - պատմեց Շողեր Մաթեւոսյանը:

Երկրորդ սպառնալիքը, ըստ խմբագրի, եղել է Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանի կողմից. - «Սեդրակյան Մհերի մասին հրապարակումից հետո ինքը զանգահարել է, համակարգչի վրա աշխատող աղջկան հայհոյել է ամենավերջին բառերով եւ ներկայացել է»:

«Այսինքն, ես երկու կասկածյալ ունեմ, որոնք իրարից առանձնապես չեն տարբերվում, մեկը` Վաչոն, մյուսը` Սեդրակյան Մհերը», - ամփոփեց Շողեր Մաթեւոսյանը:

Փաստի կապակցությամբ քննություն է իրականացնում Կենտրոնի ոստիկանությունը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG