Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուները հայտարարագրել են գույքը եւ եկամուտները


Փետրվարի 19-ին Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրություններում առաջադրված 9 թեկնածուները օրերս գույքի եւ եկամուտների հայտարարագրեր են ներկայացրել ընտրություններին նախորդող մեկ տարվա համար, որոնք «Ազատություն» ռադիոկայանին են փոխանցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղում մոտ 813,5 քառակուսի մետր բնակելի սեփականություն, նույն վայրում` մոտ 10 հազար քառակուսի մետր հողամաս, Կորյունի փողոցում` 311 քառակուսի մետր հասարակական սեփականություն եւ այլն: Հաշվետու տարում անշարժ գույք ձեռք չի բերել եւ իր ունեցածից չի օտարել:

Ժողովրդական կուսակցության ղեկավար, «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը Այգեձորում ունի մոտ 290 քառակուսի մետր համասեփականություն, հաշվետու տարում Գրիբոյեդովի փողոցի վրա ձեռք է բերել մոտ 43,5 քառակուսի մետր բնակելի համասեփականություն, Կոմիտասի եւ Մամիկոնյանցի վրա ունի միանձնյա արտադրական սեփականություն, երկուսը միասին` 2003 քառակուսի մետրից քիչ ավելի: Կոմիտասի վրա ունի 1000 քառակուսի մետրից քիչ ավելի արտադրական հողամաս:

Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարագրել է Բաղրամյան պողոտայի վրա սեփական բնակելի տուն` մոտ 360 քառակուսի մետր, սեփական ձեղնահարկ` մոտ 175 քառակուսի մետր, տնամերձ հողամաս` մոտ 178 քառակուսի մետր:

Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ միասին մոտ 120 քառակուսի մետրանոց բնակարաններ Կորյունի եւ Խաչատրյան փողոցներում, ինչպես նաեւ 3300 քառակուսի մետր տնամերձ հողամաս Կոտայքի մարզի Առինջ գյուղում:

«Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը հայտարարագրել է մոտ 106 քառակուսի մետր բնակելի սեփականություն Մաշտոցի պողոտայում:

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը հայտարարագրել է մոտ 50 քառակուսի մետրանոց բնակելի սեփականություն Լվովյան պողոտայում:

Վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարագրել է 96 քառակուսի մետր բնակելի համասեփականություն Ստեփանակերտում:

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանի հայտարարագրերում անշարժ գույքի որեւէ սեփականություն նշված չէ:

«Մշակութային արժեքներ եւ հնաոճ իրեր» բաժինը լրացված է միայն Սերժ Սարգսյանի հայտարարագրերում` 18-20-րդ դարերի հնաոճ իրեր, ժամանակակից նկարիչների 32 կտավ, հայ նկարիչներից` Բաշինջաղյան, Սարյան, Մինաս, Հակոբյան, Գյուրջյան:

Շարժական գույքի առումով առաջատարը Տիգրան Կարապետյանն է՝ նա ունի 5 մեքենա, այդ թվում 1975 թվականի արտադրության «Իկարուս» ավտոբուս եւ 1995 թվականի «Մերսեդես Բենց 600»:

Լեւոն Տեր-֊Պետրոսյանը հայտարարագրել է 1997 թվականի արտադրության «Լինքոլն Թաունքար» ավտոմեքենա:

Սերժ Սարգսյանն ունի 1992 թվականի արտադրության «Միցուբիշի»:

Վազգեն Մանուկյանը հայտարարագրել է երկու «ՎԱԶ 21», որոնցից մեկը՝ «Նիվա»:

Արամ Հարությունյանը ունի «ԳԱԶ 31» մակնիշի մեքենա:

Արթուր Բաղդասարյանը եւ Արման Մելիքյանը, ինչպես եւ անշարժ գույքի դեպքում, որեւէ շարժական գույք չեն նշել:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Արամ Հարությունյանը եւ Վազգեն Մանուկյանը, բացի տարեկան աշխատավարձից, այլ եկամուտ չեն նշում, իսկ անձնական զրո դրամական միջոց են արձանագրել:

Լեւոն Տեր-Պետրոսյանն աշխատավարձի բաժնում նշել է, որ Մատենադարանում աշխատել է անվճար, ունի անձնական զրո դրամական միջոց, ստացել է նախկին նախագահի կենսաթոշակ, Վարդանանցի վրա համասեփականած երկու տարածքներից ստացել է վարձավճար:

Տիգրան Կարապետյանն ունի անձնական զրո դրամական միջոց, բացի տարեկան աշխատավարձից, նշված է վարձակալության դիմաց ստացած եկամուտ:

Մյուս թեկնածուներն ունեն անձնական դրամական միջոցներ: Վահան Հովհաննիսյանը հայտարարագրել է 4 միլիոն դրամ, 8 հազար դոլար, 170 հազար եվրո, Սերժ Սարգսյանը՝ 58 մլն դրամ, Արթուր Բաղդասարյանը՝ մոտ 8 միլիոն դրամ, 190 հազար դոլար, Արտաշես Գեղամյանը՝ 39 հազար դոլար, Արման Մելիքյանը՝ մոտ 3,5 մլն դրամ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG