Մատչելիության հղումներ

Գյումրիում ստեղծվում է ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբ


Չորեքշաբթի օրը Գյումրիում` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հիմնադրվելու է ԳԱԼԱ (Գյումրու անկախ լրատվական ալիք) հեռուստաընկերության պաշտպանության շտաբ եւ կազմվելու է հեռուստաընկերությանը պաշտպանելու ծրագիր: Ինչպես ասված է նախաձեռնող խմբի այսօր տարածած հայտարարությունում, «դրան հետեւելու են համապատասխան գործողություններ, որոնք հանգիստ չեն տալու բոլոր նրանց, ում մանկամիտ երազանքը ազատ խոսքը խեղդելն է»:

Հայտարարության հեղինակների պնդմամբ, ԳԱԼԱ հեռուստաընկերության նկատմամբ արդեն երկու ամիս շարունակվում են զանազան ճնշումները. - «Պետական գերատեսչությունների զանազան պաշտոնյաների ճնշումներն սկզբում ուղղված էին ԳԱԼԱ ՀԸ լրատվական քաղաքականությանը միջամտելուն եւ փոփոխելուն, իսկ հիմա, երբ հասկացան, որ այլեւս անհնար է այդ անել եւ Հայաստանն ու քաղաքակիրթ աշխարհն արդեն տեղեկացված է այդ ճնշումներին, փորձում են ուղղակի պատժել հեռուստաընկերությանը` ռեժիմին այդպես հանդգնորեն չենթարկվելու նախադեպ ստեղծելու համար, եւ եթերազրկել վերջինս»:

«Գյումրու քաղաքապետարանը սանձազերծել է դատական պատերազմ ընդդեմ ԳԱԼԱ հեռուստաընկերության` Գյումրու հին հեռուստաաշտարակը հեռուստաընկերության անտենայից ազատելու հայցապահանջով: Դատարանն արդեն ապացուցել է, որ շնչակտուր շտապում է վայրկյան առաջ բավարարել քաղաքապետարանի հայցապահանջը», - ասված է հայտարարությունում: - «Գյումրու հարկային տեսչությունը, չնայած ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ պաշտոնական առարկությանը, նույնպես դիմել է դատարան` ՀՊԾ ՀՎ օպերլիազորների նկարած մոտ 25 մլն դրամ տույժուտուգանքը գանձելու պահանջով»:

«Ժամանակն է ոտքի ելնել ու ակտիվ հասարակական պայքարով սատարել ԳԱԼԱ հեռուստաընկերությանը, պաշտպանել մեր բոլորի Խոսքի եւ արտահայտման Ազատության իրավունքը», - ասված է հայտարարությունում:

Գյումրու «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Պատրաստվում ենք հանրահավաք կազմակերպել: Օրենքին համապատասխան կիրազեկենք քաղաքապետարանին»:

Այսօր քաղաքապետարանի եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության միջեւ դատական վեճը՝ հեռուստաաշտարակի վրա տեղադրված անտենաների շուրջ, հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 13-֊ը: Մասնագետների վկայությամբ՝ եթե դատարանը վճիռ կայացնի ԳԱԼԱ-֊ի դեմ, երկու ամիս կպահանջվի անտենաները հին աշտարակից նորի վրա տեղադրելու համար, իսկ այդ ժամանակաշրջանը համընկնում է նախագահական ընտրությունների քարոզարշավի հետ:

Ջաջուռ գյուղի բնակիչներից մեկը, ով այսօր եկել էր պաշտպանելու հեռուստաընկերության շահերը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Մենք` շարքային քաղաքացիներս, ամեն ինչ անելու ենք, որպեսզի ԳԱԼԱ-֊ն չփակվի, ինչպես փակվեցին A1+֊-ը եւ «Նոյյան տապան»֊-ը: Մինչեւ վերջ գնալու ենք այս անօրինական իշխանությունների դեմ»:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG