Մատչելիության հղումներ

Դենիել Ֆրիդ. «Հարավային Կովկասը չի կարող լիովին բացահայտել իր ներուժը առանց ղարաբաղյան խնդրի կարգավորման»


Հարավային Կովկասը չի կարող լիովին բացահայտել իր ներուժը առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման: Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը:

Ելույթ ունենալով Վաշինգտոնում` Եվրասիական քաղաքականության կենտրոնի կազմակերպած «Ադրբեջան - Թուրքիա - ԱՄՆ հարաբերությունները եւ դրանց կարեւորությունը Եվրասիայի համար» խորագրով գիտաժողովում, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ «քանի դեռ Հայաստանը մեկուսացած է մնում իր տարածաշրջանում, բարգավաճման եւ ազատության, հետեւաբար` նաեւ կայունության ընդհանուր տեսլականը անհասանելի կլինի»:

«Ժամանակն է համաձայնության հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ», - հայտարարել է Ֆրիդը:

Նա կարծիք է հայտնել, թե Ադրբեջանի հաջողությունները կարող են նույնքան վճռորոշ նշանակություն ունենալ Կենտրոնական Ասիայի համար, որքան 15 տարի առաջ Լեհաստանի հաջողությունները ունեցան Կենտրոնական Եվրոպայի համար:

Միաժամանակ, Դենիել Ֆրիդի խոսքերով, «հաջողության հասնելու համար Ադրբեջանին հարկ կլինի ամրապնդել աշխարհիկ ժողովրդավարության իր հաստատությունները եւ ամեն ինչ անել` ապահովելու համար իր էներգետիկ շուկաների թափանցիկությունը»:

«Թուրքիան, հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքը եւ ՆԱՏՕ-ի անդամ լինելը, բնական դարպաս է Ադրբեջանի համար դեպի եվրատլանտյան ընտանիք: Ճիշտ այնպես, ինչպես Թուրքիան է խորացնում իր ժողովրդավարական բարեփոխումները` անդամակցելու համար Եվրամիությանը, Ադրբեջանը եւս պետք է առաջ մղի ժողովրդավարական բարեփոխումները` խթանելու համար իր կապերը եվրատլանտյան կառույցների հետ», - ամփոփել է իր ելույթը Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG