Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքապետի որդին դատապարտվեց մեկեւկես տարվա ազատազրկման


Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը օրերս դատավճիռ է կայացրել մայիսին Գյումրիի Տերյան եւ Ղուկասյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած փոխհրաձգության մասնակիցների նկատմամբ: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման:

Դատարանը հիմնավորված է համարել Սպարտակ Ղուկասյանին Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերի հատկանիշներով առաջադրված մեղադրանքը` «մի քանի անձանց կողմից կատարված խուլիգանություն, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով»:

Նույն հոդվածով, ինչպես նաեւ 271 հոդվածով` «թմրանյութի օգտագործում», առաջադրված մեղադրանքներով մեկեւկես տարվա ազատազրկման է դատապարտվել Գյումրիի քաղաքապետի եղբորորդի Կոլյա Ղուկասյանը:

Նույն պատժաչափն է սահմանվել նաեւ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանի որդու` Ռուստամ Սարգսյանի նկատմամբ, ում եւս մեղադրանք էր առաջադրվել 258 հոդվածով:

Սարգսյանի ընկեր Թելման Կարապետյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, Ղուկասյանների ընկերներ` Նորայր եւ Գագիկ Սոլոյան եղբայրները` համապատասխանաբար, 1 եւ 4,5 տարվա ազատազրկման:

Բոլոր վեցի նկատմամբ դատախազությունը հետախուզում էր հայտարարել: Վերջին հետախուզվողը` Ռուստամ Սարգսյանը, հանձնվեց միայն սեպտեմբերի 14-ին:

Մայիսի 20-ի միջադեպից անմիջապես հետո Քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով` «սպանության փորձ», մեղադրվում էին դրա բոլոր մասնակիցները, սակայն վերջնական մեղադրանքում այն չկար:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

(Լուսանկարում` Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG