Մատչելիության հղումներ

Պուտինը սատարում է Դմիտրի Մեդվեդեւի թեկնածությունը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ասել է, թե կցանկանար նախագահի պաշտոնում տեսնել առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւին: Այս հայտարարությունը Պուտինը արել է 4 նախագահամետ կուսակցությունների անդամների հետ հանդիպման ժամանակ:

«Ես Մեդվեդեւին մոտիկից ճանաչում եմ 17 տարուց ավելի եւ ամբողջովին աջակցում եմ նրան», - նշել է Պուտինը:

42--ամյա Մեդվեդեւը, ինչպես եւ Պուտինը, ծնվել է Լենինգրադում: Իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո նա 9 տարի դասավանդել է նույն համալսարանում, այնուհետեւ աշխատել է կառավարության եւ նախագահի աշխատակազմում: 2000--2001 թվականներին ղեկավարել է «Գազպրոմ»-ի տնօրենների խորհուրդը: 2005 թվականին նշանակվել է առաջին փոխվարչապետ:

Ռուսաստանցի հայտնի լիբերալ գործիչ, չորրորդ Պետդումայի անկախ պատգամավոր Վլադիմիր Ռիժկովը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Մեդվեդեւը ամենահարմար թեկնածուն է Պուտինի համար:

«Եթե Պուտինը որոշի հեռանալ մեծ քաղաքականությունից, Մեդվեդեւը կապահովի նրա հարմարավետ հանգիստը, իսկ եթե Պուտինը մի քանի տարի անց, օրինակ, ցանկանա վերադառնալ Կրեմլ, Մեդվեդեւը, անշուշտ, չի խանգարի նրան», - ասել է Ռիժկովը:
«Ասոշիեյթեդ փրես»-ը փաստում է, որ «Պուտինի հեղինակությունը եւ վերահսկողությունը այնքան ուժեղ են, որ դիտորդների կարծիքով, այն մարդը, որին աջակցում է նախագահը, անպայման կդառնա նախագահ»:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG