Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարին շնորհվել է «Չիվիլիտաս 2007» մրցանակը


Երեկ Իտալիայի Կոնելիանո քաղաքում տեղի է ունեցել Դամա Կաստելանա կազմակերպության կողմից Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին «Չիվիլիտաս 2007» մրցանակի շնորհման արարողությունը:

Օսկանյանը մրցանակին արժանացել է աշխարհում եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված երկխոսության ծավալման համար:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` արարողությունը տեղի է ունեցել քաղաքապետարանում` տեղական մարմինների ներկայացուցիչների, գործարարների, բարձրաստիճան պաշտոնյաների, նաեւ Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ: Արարողությանը հաջորդել է երթ դեպի Ակադեմիական թատրոն, որի մասնակիցները կրել են միջնադարյան ազգային հագուստներ:

«Չիվիլիտաս» մրցանակը հիմնադրվել է 1992 թվականին Դամա Կաստելանա կազմակերպության, Կոնելիանո քաղաքի, Տրեւիսո նահանգի, Վենետո շրջանի եւ Եվրամիության կողմից եւ շնորհվում է մարդկային բարձրագույն արժեքներ, հանդուրժողականություն, միասնություն խորհրդանշող անհատներին, որոնց գործունեությունը ուղղված է հանրության եւ մարդկության կենսամակարդակի բարելավմանը:

Նախորդ մրցանակակիրներն էին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս երկրորդը (2004) եւ Նոբելյան մրցանակակիր եւ Պրիմո Լեւիի դուստր Ռիտա Լեւի Մոնտալչինին (2003):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG