Մատչելիության հղումներ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան հանդիպում է ունեցել Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հետ:

Ողջունելով Հայաստանի վարչապետի այցը Բրյուսել` Խավիեր Սոլանան նշել է, որ այն տեղի է ունենում ճիշտ ժամանակին, երբ Հայաստանում առաջիկայում սպասվում են նախագահական ընտրություններ: ԵՄ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ շատ առիթներ է ունեցել հանդիպելու նաեւ ՀՀ նախագահին, որի հետ ունի ջերմ հարաբերություններ, եւ քննարկելու ԵՄ - Հայաստան հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Նա կարեւորել է նաեւ գալիք նախագահական ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը: Կարեւոր համարելով այդ ընտրություններին ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի պատվիրակության մասնակցությունը եւս` ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղարը վարչապետից հետաքրքրվել է ընտրական գործընթացների վերաբերյալ:

«Մենք ձգտում ենք լավ ընտրություններ անցկացնել, որպեսզի դրանք այդպիսին գնահատվեն ոչ միայն ուրիշների կողմից, այլեւ հենց մեր երկրի ներսում»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա նշել է, որ այդ առումով մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունները դրական գնահատականի են արժանացել, եւ Հայաստանը շահագրգռված է այդ հաջողությունը զարգացնել, այսինքն` ավելի լավ անցկացնել նախագահական ընտրությունները: Ըստ նրա, այսօր Հայաստանն ունի մի շարք դժվարագույն հիմնահարցեր` Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, երկրորդ փուլի բարեփոխումների անցկացումը: Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ հարցերը կարող է լուծել միայն միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների արդյունքում նախագահ դարձած անձը:

Խավիեր Սոլանան կարեւոր է համարել, որպեսզի Հայաստանում առաջիկա ընտրությունները չլինեն այնպիսին, որ երկրի զարգացումն ու նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը հետընթաց ունենան:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, զրույցի ընթացքում վարչապետը խոսել է նաեւ մինչեւ 2016 թվականը Հայկական ատոմակայանի փակման խնդրի շուրջ, նշելով, որ կառավարությունն արդեն հաստատել է ատոմակայանը շահագործումից հանելու ժամանակացույցը, սակայն, ըստ նրա, դրա համար բավականին միջոցներ են պահանջվում: Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ կառավարությունն այդ նպատակով նաեւ համապատասխան հիմնադրամ է հիմնել եւ միջոցներ ներդրել, սակայն Հայաստանը միայնակ ի վիճակի չի լինի այդ խնդիրը լուծել, եւ խնդրել է ԵՄ-ի աջակցությունն այդ հարցում: Խավիեր Սոլանան խոստացել է մտածել աջակցության հնարավորության շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG