Մատչելիության հղումներ

Երեւանի մամուլի ակումբի այսօր հրապարակված զեկույցից հետեւում է, որ Հանրային հեռուստատեսությունը եւ ռադիոն անաչառ չեն լուսաբանում նախագահության թեկնածուներին:

«Հատկապես մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ ԶԼՄ-ների առավել շատ ուշադրությունը գրաված երկու թեկնածուների «բեւեռային» լուսաբանումը ամբողջությամբ բնորոշ է Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիքին (Հ1) եւ Հայաստանի հանրային ռադիոյին (ՀՌ): Մասնավորապես, վերջինը, որ նախորդ ընտրությունների (2003-ին եւ 2007-ին) լուսաբանման դիտարկումների արդյունքներով նշվում էր իբրեւ առավել հավասարակաշիռ ԶԼՄ, այս անգամ անկողմնակալությամբ աչքի չի ընկնում: Հանրայինի նոյեմբերյան եթերում Լեւոն Տեր-Պետրոսյանի 105 հիշատակումներից 82-ը բացասական էր եւ ոչ մի դրական, իսկ Սերժ Սարգսյանի 110 հիշատակումներից 21-ը դրական էր եւ ոչ մի բացասական»,֊ - ասված է զեկույցում:

Դրա հեղինակները փաստում են. - « Աշխատանքի նման կերպափոխումը ժամանակային առումով համընկավ նրա ղեկավարության` «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հաղորդումները հեռարձակելուց հրաժարվելու հետ»:

«Նկարագրված «ընդհանուր կանոնից» բացառություն է «Երկիր մեդիա» հեռուստաալիքը, որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի դրական ու բացասական հիշատակումների հարաբերակցությունը առավել հավասարակշռված է (5-13 եւ 4-6 համապատասխանաբար), եւ երկուսի դեպքում էլ չեզոք հիշատակումները մեծամասնություն են կազմում»:

«Չորս հեռուստաալիքներում հետազոտվող քաղաքական գործիչներից եւս մեկը (վարչապետ Սերժ Սարգսյանը) բարձր տոկոսներ է ստացել. «Արմենիայում»` 76,9 տոկոս (19 քաղաքական գործիչներին հատկացված ողջ եթերաժամանակից), «Շանթում»` 48,9 տոկոս, Հ1-ում` 47,2 տոկոս եւ Հ2-ում` 40,8 տոկոս: Այս եւ մյուս բոլոր ալիքներում, բացի «Երկիր մեդիայից», վարչապետի դրական հիշատակումների քանակը նշանակալիորեն գերազանցել է բացասականներին. Հ1-ում` համապատասխանաբար` 26 եւ 2, «ԱԼՄ»-ում` 17 եւ 2, «Արմենիայում»` 11 եւ 0, Հ2-ում` 26 եւ 1, «Կենտրոնում»` 41 եւ 1, «Շանթում»` 16 եւ 2, Հանրային ռադիոյում` 21 եւ 0: Այս ցուցանիշները վկայում են, որ նշված հեռարձակվող ԶԼՄ-ները խիստ հազվադեպ են ներկայացնում կառավարող կոալիցիայից նախագահի թեկնածուի հասցեին քննադատական կարծիքներ, ընդդիմադիր քաղաքական եւ այլ հասարակական գործիչների դիտողություններ»,֊ - եզրակացրել են զեկույցի հեղինակները:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG