Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը կիրակի երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, որտեղից երեքշաբթի օրը կմեկնի Ստրասբուրգ:

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, արտգործնախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը, կառավարության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, այլ պաշտոնյաներ:

Այսօր Բրյուսելում նախատեսված են Սերժ Սարգսյանի հանդիպումները եվրոպական մի շարք կառույցների ղեկավար պաշտոնյաների, այդ թվում` Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, ԵՄ-ի գիտության եւ հետազոտության հարցերով հանձնակատար Յանես Պոտոչնիկի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի, Բրյուսելի քաղաքապետ Ֆրեդի Թիելմանսի հետ:

Ստրասբուրգում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Փոթերինգի, Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Յացեկ Սարյուժ-Վոլսկու, Եվրամիության արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների հետ:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ ցանկություն են հայտնել հարցազրույցներ ունենալ Սերժ Սարգսյանի հետ: Մասնավորապես, այցի օրերին նախատեսվում են վարչապետի հարցազրույցները «Ռոյթերզ» գործակալության, «Եվրոնյուզ» հեռուստաընկերության, «Լա Ստամպա», «Ֆայնենշըլ թայմս» թերթերի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG