Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 11-13-ը աշխատանքային այց կկատարի Արաբական Միացյալ Էմիրություններ:

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Վարդան Օսկանյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դեկտեմբերի 12-ին Աբու Դաբիում կկայանա Ռոբերտ Քոչարյանի եւ ԱՄԷ նախագահ Շեյխ Խալիֆա բեն Զայիդ Ալ Նահյանի հանդիպումը, որից հետո Հայաստանի նախագահը կհանդիպի Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամադ Բեն Ռաշիդ Ալ-Մաքթումի հետ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ռոբերտ Քոչարյանը հանդիպում կունենա նաեւ Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Ահմադ Ալ Մազրուի հետ, կմասնակցի ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը, կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Աշխատանքային այցի շրջանակներում կստորագրվեն գյուղատնտեսության, զբոսաշրջության, օդային հաղորդակցության բնագավառում երկկողմ համագործակցության համաձայնագրեր: Հայաստանի կառավարության եւ Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի միջեւ կստորագրվի Արփա-Սեւան թունելի վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ պայմանագիր:

Այցի վերջին օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմեկնի Ռաս Ալ Խայմա, որտեղ կհանդիպի Ռաս Ալ Խայմայի թագաժառանգ, փոխկառավարիչ Շեյխ Սաուդ բեն Սակր Ալ Կասիմի հետ:

Դեկտեմբերի 13-ին Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG