Մատչելիության հղումներ

logo-print

Լեւոն Տեր-֊Պետրոսյան. «Եթե Ղարաբաղին բան պատահի, նրանք աչք անգամ չեն թարթելու»


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով առաջադրել է իր թեկնածությունը փետրվարի 19-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում, շաբաթ օրը Երեւանի Ազատության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ խստորեն քննադատեց երկրի ներկայիս իշխանություններին եւ պատասխանեց նրանց կողմից իրեն ուղղված մի շարք մեղադրանքների:

«Քոչարյանա-Սերժական վարչախմբի» ձեւավորած տնտեսական համակարգի էությունը Տեր-Պետրոսյանն իր ելույթում համեմատեց թաթար-մոնղոլական խանական համակարգի հետ:

«Նմանությունը, իսկ ավելի ճիշտ` նույնությունը պարզապես ապշեցուցիչ է եւ չափազանց ուսանելի՝ պատմաբանների ու քաղաքագետների համար։ Թաթար-մոնղոլական խաների նման՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նույնպես Հայաստանը համարում են իրենց սեփական կալվածքը՝ այն բաժանելով իրենց հարազատների, մոտ ու հեռու ազգականների, խնամիների, փեսաների, քավորների ու սանիկների միջեւ։ Ղարաբաղում գործից ազատված յուրաքանչյուր պաշտոնյա անմիջապես պաշտոն է ստանում Հայաստանում։ Աստիճանաբար, բայց հաստատուն քայլերով, ղարաբաղցիները տեղ են զբաղեցնում նաեւ մեր երկրի բիզնեսի ոլորտում՝ դառնալով ներկա իշխանությունների հուսալի հենարանը», - հայտարարեց նա` հավելելով. - «Իմիջիայլոց, այս, մեղմ ասած, կարճատես, բայց իրականում դավաճանական քաղաքականության պատճառով Քոչարյանա-Սերժական զույգը լուրջ վտանգի տակ է դնում Ղարաբաղի գոյությունը՝ խթանելով նրա դատարկումը եւ նպաստելով նրա մարդկային ռեսուրսների նվազմանը, ինչն արդեն իսկ ազդում է վիճակագրության վրա, եւ ինչը մի օր մեզ կարող է կանգնեցնել ազգային աղետի՝ կատաստրոֆայի առաջ։ Դա ցույց է տալիս, որ նրանց չի հետաքրքրում Ղարաբաղի ճակատագիրն անգամ։ Նրանք վաղուց իրենց ընտանիքների բոլոր անդամներին, ազգականներին, խնամիներին ու քավորսանիկներին տեղափոխել են Հայաստան։ Եթե Ղարաբաղին բան պատահի, նրանք աչք անգամ չեն թարթելու։ Մեր եւ ձեր սիրտն է ցավելու, մենք ենք մղկտալու»:

Տեր-Պետրոսյանը դիմեց նաեւ խոշոր գործարարներին` անուն առ անուն, նրանց նմանեցնելով «հայ միջնադարյան վասալներին», ում բավարարում է հարստահարված ժողովրդի բաժնից իրենց հասածը:

«Ձեր բիզնեսը ապահովագրված չէ, այլ ամբողջովին կախված է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քմահաճույքից», - համոզմունք հայտնեց առաջին նախագահը: - «Եթե Միշա Բաղդասարովին, Բարսեղ Բեգլարյանին, Լեւոն Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին, Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Մայրապետյանին, Հրանտ Վարդանյանին, Հարություն Փամբուկյանին թվում է, թե իրենք սեփականատեր ու բիզնեսմեն են, ապա չարաչար սխալվում են։ Ցանկացած պահի, խաների քմահաճույքով, նրանք կկորցնեն թե իրենց սեփականությունը, թե բիզնեսը»։

«Մինչեւ ե՞րբ պիտի հանդուրժեք ձեզ պատիվ չբերող այդ նվաստացումը, մինչեւ ե՞րբ պիտի հաշտվեք ձեր ստրկական վիճակի հետ», - շարունակեց Տեր-Պետրոսյանը: - «Ի՞նչն է ձեզ խանգարում համախմբվել ու թոթափել բոլորի, այդ թվում՝ ձեզ համար ատելի խանական լուծը։ Ինչի՞ց եք վախենում։ Մի՞թե ավելի շատ բան ունեք կորցնելու, քան ժողովուրդը։ Ինչպե՞ս եք գիշերները քնում։ Արդյոք կարողանո՞ւմ եք նայել ձեր կանանց ու երեխաների աչքերին։ Ուստի քանի դեռ ուշ չէ, քանի դեռ չեք արժանացել ժողովրդի լիակատար քամահրանքին, ուղղեք ձեր մեջքը եւ վճռականորեն միացեք մեր շարքերին»։

«Որոշ լրագրողներ եւ նույնիսկ համակիր քաղաքական գործիչներ ինձ համարում են Սերժ Սարգսյանի միակ կամ ամենալուրջ այլընտրանքը։ Եթե նրանք կարծում են, թե դրանով ինձ պատիվ են մատուցում, ապա չարաչար սխալվում են», - ասաց առաջին նախագահը` հավելելով. - «Օրինական ընտրություններ անցկացնելու պարագայում Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի կարող է հաղթել նախագահացու վարչապետին։ Այնպես որ, Սերժ Սարգսյանն իրականում այլընտրանք չունի։ Իսկ եթե, այնուամենայնիվ, ունի, ապա այդ այլընտրանքը Սաշիկն է կամ Թոխմախի Մհերը»։

Իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաեւ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը` նրանց մեղադրելով, որ երբեք չեն ներկայացրել հստակ տեսակետ այնպիսի հրատապ հարցերի վերաբերյալ, ինչպես, օրինակ` ղարաբաղյան հարցի կարգավորումը, Հայաստանի քաղաքական ու տնտեսական մեկուսացման հաղթահարումը, հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը կամ ցեղասպանության ճանաչման հարցը:

«Մեր արտաքին քաղաքականությունը վերջին տասը տարում լիակատար ձախողման կամ կրախի է մատնվել։ Ամերիկյան Կոնգրեսից պահանջում էին ուժի մեջ թողնել Ադրբեջանի դեմ կիրառված պատժամիջոցներին վերաբերող 907 բանաձեւը, բայց Կոնգրեսը չեղյալ հայտարարեց այն` առաջին պարտություն։ Նույն մարմնին պաշտոնապես կոչ էին անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ տեսանք, թե դա ինչ արդյունք ունեցավ` երկրորդ պարտություն։ Թուրքիային հորդորում էին մեզ հետ հարաբերությունները չպայմանավորել հայ - ադրբեջանական հակամարտության գործոնով ու բացել ընդհանուր սահմանը, սակայն ոչինչ չստացվեց` երրորդ պարտություն։ Սկզբնապես Թուրքիայի առջեւ պայման էին դնում ճանաչել ցեղասպանությունը, բայց հետո հրաժարվեցին դրանից, համաձայնելով այդ երկրի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների` չորրորդ պարտություն», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը: - «Վերջին տասը տարում Հայաստանի արտաքին քաղաքականությունն, ահա, այսպիսի դատարկ, գավառական, անիմաստ հայտարարությունների մի շարան է։ Իշխանությունները չեն իսկ անդրադառնում, թե դրանով ինչպիսի ծիծաղելի վիճակի մեջ են դնում թե իրենց, թե մեր երկիրը»։

«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այս օրերին իրենց մխիթարում են, թե Տեր-Պետրոսյանի փամփուշտներն արդեն սպառվել են: Խորապես ցավում եմ, բայց կրկին պիտի հիասթափեցնեմ նրանց։ Նախ՝ մինչ այժմ արձակված փամփուշտները դեռ սլանում են, եւ երկրորդ` իմ փամփուշտներն անսպառ են», - հայտարարեց առաջին նախագահը:

Իր ելույթի վերջում նա նաեւ շնորհակալություն հայտնեց Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, որոնց մտքերը, անգամ յուրաքանչյուր դիմախաղը, ըստ Տեր-Պետրոսյանի, մեծապես նպաստում են իր քարոզարշավին։

Շաբաթ օրվա հանրահավաքին ելույթներ ունեցան նաեւ Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ընդդիմադիրներին միացած նոր ուժի` Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը:

Ալեքսանդր Արզումանյանը անդրադարձավ այն ընդդիմադիրներին, ում, ինչպես ինքը նշեց` «հազարավոր մոլորյալներ սիրում եւ վստահում են»:

«Նախ եւ առաջ ընդդիմությունը պետք է մաքրենք Ավգյան ախոռներից», - հայտարարեց նախկին արտգործնախարարը: - «[«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ] Արտաշես Գեղամյանը. բացարձակ արդյունքը միայն մեկն է` ժողովրդի պարտությունը ստորության դեմ մղվող պայքարում»:

Խոսելով Ազգային ժողովրդավարական միության առաջնորդ Վազգեն Մանուկյանի մասին` Արզումանյանը ասաց. - «Ցավով պիտի նշեմ, որ Վազգեն Մանուկյանը չի կարողանում հոգեբանորեն հասկանալի անձնական զգացմունքներից վեր կանգնել եւ որոշում ընդունել հանուն նոր ժողովրդական շարժման հաղթանակի»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG