Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«168 ժամ»-֊ը գրում է. - «Հայաստանի առաջին նախագահ Տեր֊-Պետրոսյանի ներկայությունը միշտ էլ ճնշող է եղել Ռոբերտ Քոչարյանի համար՝ թե Լեռնային Ղարաբաղի նախագահի կարգավիճակում, թե Հայաստանի վարչապետի: Բավական է դիտել Լեւոն Տեր֊-Պետրոսյանի երկրորդ ինաուգուրացիայի կադրերն ու տեսնել, թե որպիսի ակնածանքով է Ռոբերտ Քոչարյանը շնորհավորում երկրորդ անգամ Հայաստանի նախագահ դարձած Տեր-Պետրոսյանին: Կարծել, թե Քոչարյանն այն պահին չուներ համապատասխան ինֆորմացիա նախագահական այդ ընտրությունների կեղծիքների մասին եւ վստահ էր, որ ինքը սեղմում է լեգիտիմ նախագահի ձեռքը՝ միամտություն է: Հետեւաբար ակնհայտ է, որ որոշակի սուբյեկտիվիզմ կա թե մեկի, թե մյուսի գնահատականներում, ուր, ի դեպ, ժողովրդի գործոնն ամենեւին դեր չի խաղում»:

«Հայոց Աշխարհ»-ի պնդմամբ` «շրջապատը շարունակում է ստել Տեր-Պետրոսյանին»։ «Ստում են չտեսնված բարձր վարկանիշի մասին (իրականում նախկին նախագահի վարկանիշը 2-3 տոկոս է)։ Ստում են, թե պետապարատն ու ուժային կառույցները երազում են անցնել նրա կողմը։ Ստում, թե նրա հայտնվելուն պես իշխանության ճամբարում խուճապ է սկսվել։ Ստում, թե ժողովուրդը փետրվարի 19-ից հետո կելնի փողոցներ։ Ստո՜ւմ, ստո՜ւմ, ստո՜ւմ... Եւ ահա նրա ծույլիկներն այդ ամենը մոգոնում են, իսկ ինքը՝ հնչեցնում այդ ստերը միտինգում, եւ ստացվում է, որ շրջապատն օրըստօրե ծաղրի առարկայի է վերածում շեֆին»։

«Հայկական ժամանակ»֊-ը իր խմբագրականում փաստում է. - «Հայաստանյան բազմաթիվ քաղաքական ուժեր եւ կազմակերպություններ արդեն իսկ ասել են, որ չեն հավատում արդեն մի քանի օր թմբկահարվող «Գելափ»֊-ի ներկայացրած հարցումներին: Խնդիրն այն է, որ այդ նույն հարցումներից տեղեկանում ենք, որ հայաստանցիների 59 տոկոսը վախենում է արտահայտել իր քաղաքական հայացքները եւ բարձրաձայնել դրանց մասին: Այսինքն՝ հայաստանցիների 59 տոկոսը չի կարող որեւէ քաղաքական հարցի պատասխանել այնպես, ինչպես ինքը մտածում է: Կարելի է ասել, որ սա մի իրավիճակ է, որն առկա էր 1930-֊ականներին Գերմանիայում կամ Խորհրդային Միությունում, ու այս պայմաններում խոսել հասարակական կարծիքի ուսումնասիրության մասին՝ ուղղակի ծիծաղելի է: Սա նույնն է, թե, ասենք, Սադամի Իրաքում սոցիոլոգիական հարցում անցկացնել»:

2006 թվականին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, ներկայումս ռամկավար Սամվել Բաբայանը բավական անկեղծ զրուցել է «Չորրորդ իշխանություն» թերթի աշխատակիցների հետ: Այսօր թերթը հատվածներ է տպագրել այդ զրույցից: Սամվել Բաբայանը պատմում է. - «1999 թվականին «Գրանդ տոբակո»֊-ի կամ «Հայծխախոտ»֊-ի բաժնետոմսերի 31 տոկոսը իմն էր: Ես փորձում էի դառնալ բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատերը: Իմ դեմ դուրս եկան Վազգենը, Սերժը, Քոչարյանը, թե դա իրենցն է, մենք ֆինանսավորվում ենք այստեղից: Ես այդ բաժնետոմսերը վաճառել եմ Ռուբեն Հայրապետյանին՝ մոտ 170 հազար դոլարով: Այնպես որ ես այստեղ ոչինչ չունեմ: Կան բիզնեսմեններ, որոնք ինձ չեն դավաճանել եւ այսօր էլ ինձ օգնում են եւ օգնելու են: Կգա պահը, եւ դուք կտեսնեք, թե ովքեր են ինձ օգնում: Հիմա եթե ես դա հայտարարեմ, անմիջապես հարկայինով, մարկայինով «բամբիտ» կանեն: Դրա համար էլ ես լռում եմ: Այդ մարդիկ էլ են ցավում, որ մենաշնորհ է: Իրենք Վանոյի ժամանակ լավ էին, հիմա նրանց խեղդում են: Սերժը նստել է, կանիստրը չափում է՝ թե ով, որտեղ ու ինչքան տանի: Հիմա այդ մարդիկ ի՞նչ անեն: Պետք է մի ուժ գտնեն, որին կարող են ֆինանսավորել, որ այս շիլաշփոթից դուրս գան»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG