Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը Գյումրիում ծաղկեպսակ դրեց երկրաշարժի զոհերի հուշարձանին


1988 թվականի երկրաշարժի հերթական տարելիցի օրը, ժամը 11:41` այն ժամին, երբ տեղի է ունեցել աղետը, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Գյումրիում ծաղկեպսակ դրեց երկրաշարժի զոհերի հուշարձանին:

Կատարվեց աղետի զոհերի հոգեհանգստյան արարողություն` Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ:

Արարողության ավարտին գյումրեցիները տարբեր հարցերով դիմեցին նախագահին եւ բազմաթիվ նամակներ փոխանցեցին:

Երկրաշարժի զոհերի հիշատակը հարգեցին եւ Գյումրիի հուշարձանին ծաղկեպսակներ դրեցին «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի ռամկավար ազատական, այլ կուսակցությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Դաշնակցության պատվիրակությունը գլխավորում էր կուսակցության Բյուրոյի անդամ, Ազգային ժողովի փոխխոսնակ եւ Հայաստանի նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը:

19 տարի առաջ դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, ըստ պաշտոնական տվյալների` շուրջ 25 հազար:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը անցած ամիս հրամանագիր է ստորագրել երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին: Այն ղեկավարելու է երկրի վարչապետը:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG