Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Ղարաբաղի կարգավիճակի հարցը հիմնականն է»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հաստատել է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցություններում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, եւ դա հիմնական հարցն է:

«Չէ՞ որ դա հիմնական հարցն է: Եթե կարգավիճակի հարցը չի քննարկվում, ապա ի՞նչ է առհասարակ քննարկվում», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը` հավելելով. - «Հանրաքվեն եւս քննարկվում է բանակցություններում, նաեւ` ինքնորոշման հարցը»:

Օսկանյանի կարծիքով, Հայաստանում եւ Ադրբեջանում մոտեցող նախագահական ընտրությունների հետ կապված` ղարաբաղյան կարգավորման գործընթացը չի ընդմիջվի. - «Այո, լինելու են ընտրություններ, սակայն մենք դա չենք կապում բանակցային գործընթացի հետ: Համանախագահները շուտով կրկին կայցելեն տարածաշրջան` դա կլինի դեկտեմբերի վերջին կամ հունվարին, եւ կրկին բանակցություններ կընթանան: Անշուշտ, ընտրությունների ընթացքում ամբողջ ուշադրությունը կենտրոնացված կլինի ընտրական գործընթացի վրա, եւ մենք չենք կարողանա կարգավորմանը տրամադրել նույնքան ժամանակ, որքան նախկինում: Այդուհանդերձ, բանակցությունները կշարունակվեն»:

Հարցին, թե «կարո՞ղ է արդյոք բանակցային գործընթացում Հայաստանի դիրքորոշման վրա ազդել երկրում իշխանության փոփոխությունը», Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է. - «Հուսով եմ, դա տեղի չի ունենա: Ահա թե ինչու են համանախագահները ցանկանում, որպեսզի Հայաստանում եւ աշխարհում բոլորը իմանան, թե ի՞նչ հիմնարար սկզբունքներ են պարունակվում այդ փաստաթղթում, որպեսզի ով էլ ընտրվի Հայաստանում ընտրությունների արդյունքում` երկիրը շարունակի մնալ այդ դիրքորոշմանը եւ գործել այդ դիրքորոշմամբ»:

«Մենք պետք է շարունակենք աշխատել այդ փաստաթղթի հիման վրա: Այն շատ մանրակրկիտ է պատրաստվել, դա հավասարակշռված եւ շատ փոխզիջումային փաստաթուղթ է», - հայտարարել է Վարդան Օսկանյանը` մեկ անգամ եւս ընդգծելով. - «Մենք պետք է վստահ լինենք, որ այն բանից, թե ով կհաղթի Ադրբեջանում եւ Հայաստանում անցկացվելիք ընտրություններում, դիրքորոշումը չի փոխվի»:

Ադրբեջանցի լրագրողի խնդրանքով անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կրոնական բնույթի մասին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանին վերագրվող արտահայտությանը` արտգործնախարարը շեշտել է. - «Կրոնական գործոնը այստեղ բացարձակապես դեր չի խաղում: Դա հաստատ հակամարտություն չէ մահմեդականների եւ քրիստոնյաների միջեւ: Պետք չէ խառնել այդ հարցերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG