Մատչելիության հղումներ

Կոսովոյի անկախությունն անխուսափելի՞ է


«Կոսովոյի անկախությունն անխուսափելի է», - հայտարարել է Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Մարտի Ահտիսաարիի տեղակալ, դիվանագետ Ալբերտ Ռոհանը:

Ավստրիական օրաթերթերից մեկում այսօր հրապարակված հարցազրույցում ՄԱԿ-ի ներկայացուցիչը պնդում է, թե Կոսովոյի ալբանացիներին պետության կարգավիճակի տրամադրումը խնդրի կարգավորման միակ իրական տարբերակն է:

«Որեւէ մեկը չի կարող կանխարգելել Կոսովոյի անկախացումը», - ասել է դիվանագետը եւ նշել, որ ամիսներ առաջ Մարտի Ահտիսաարիի կողմից սերբերին ու ալբանացիներին առաջարկված լուծումը փոխզիջումային էր եւ հավասարակշռված:

ՄԱԿ-ի հատուկ բանագնաց, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարին առաջարկում էր Կոսովոյին շնորհել միջազգայնորեն վերահսկվող անկախություն, ինչը, սակայն, տապալվեց` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, Սերբիայի դաշնակից Ռուսաստանի որդեգրած կարծր դիրքորոշման պատճառով:

Վերջին չորս ամիսներին խնդրի կարգավորմամբ զբաղվում էին Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Եվրամիության ներկայացուցիչները, որոնց գործադրած ջանքերը եւս որեւէ արդյունք չտվեցին: Ակնկալվում է, որ այսօր միջազգային եռյակն այդ մասին զեկույցը կներկայացնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին:

Ի՞նչ տեղի կունենա դրանից հետո` միջազգային հանրությանը հուզող այս հարցին Ալբերտ Ռոհանը հետեւյալ պատասխանն է տվել. - «Կարծում եմ` Կոսովոյի ալբանացիները մինչեւ տարեվերջ անկախություն չեն հռչակի. նրանք պարտավորվել են ցանկացած որոշում համաձայնեցնել Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ: Այնպես որ, պաշտոնական Պրիշտինան նախ կփորձի ստանալ Եվրամիության անդամների միասնական դրական պատասխանը: Այդուամենայնիվ, կարծում եմ, որ Կոսովոն կանկախանա հաջորդ տարվա առաջին եռամսյակում»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG