Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը այսօր որոշել է փետրվարի 19-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրել: Ընտրություններին «Ժառանգության» մասնակցության ձեւաչափի առնչությամբ վերջնական որոշում կկայացնի կուսակցության վարչությունը` թեկնածուների պաշտոնական գրանցումից հետո:

Կուսակցության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն` նիստի մասնակիցներն ափսոսանք են հայտնել, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը «դարձյալ արհեստականորեն եւ ապօրինաբար զրկվեց նախագահի թեկնածու առաջադրվելու իր լեգիտիմ իրավունքից»:

«Նախագահի պաշտոնն ինքնապարգեւ չէ: Ընտրություններում սեփական թեկնածուով հանդես գալու մտադրությունը սոսկ Հայաստան երկրի ու նրա պետության, քաղաքացու ու հայրենասերի մեր տեսլականն իրականություն դարձնելու նպատակ ուներ: Ավաղ, մենք հերթական անգամ զրկված ենք այդ հնարավորությունից», - ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով. - «Բայց իբրեւ ծանրակշիռ ուժ` մենք կրավորական պահվածք որդեգրելու իրավունք չունենք: Մեր տեղը ՀՀ քաղաքացու կողքին է` պետք է ստեղծենք թեկնածուների ծրագրերին, հայացքներին, մոտեցումներին եւ արժանիքներին ծանոթանալու բոլոր պայմանները` ազատ ու անսխալ ընտրություն կատարելու համար»:

Առաջադրման հայտ ներկայացրած նախագահի որեւէ թեկնածուի սատարելու հարցում այսօրվա նիստի մասնակիցների շրջանում միաձայնություն չի եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG