Մատչելիության հղումներ

Ռուբեն Հայրապետյան. «Հայաստանի եւ Թուրքիայի թիմերի հանդիպումները կնպաստեն հարաբերությունների բարելավմանը»


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Հուրիեթ» թերթի հարցազրույցում իր ուրախությունն է հայտնել ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միեւնույն խմբում հայտնվելու կապակցությամբ: Այդ փաստը նա համարել է երկու երկրների միջեւ բարեկամական կապերի հաստատման հնարավորություն:

«Մենք հարեւան երկրներ ենք, եւ մենք պետք է բարելավենք մեր հարաբերությունները», - Ստամբուլ կատարած գործնական այցի ժամանակ թուրքական թերթին ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:

Հայրապետյանի կարծիքով` Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների միջեւ առաջին հանդիպումը կարող է պատմական լինել: Իր կողմից նա պատրաստակամություն է հայտնել ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում խաղը անցնի բարեկամական մթնոլորտում, եւ հայտնել է, որ նույնը ապահովելու խնդրանքով կդիմի թուրք գործընկերներին:

«Թուրք երկրպագուները չպետք է մեզ համարեն թշնամիներ», - ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը` հավելելով. - «Նույն ուղերձը ես հղում եմ նաեւ հայերին»:

Ռուբեն Հայրապետյանն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ առկա քաղաքական խնդիրները սպորտին չեն առնչվում. - «Թող քաղաքական գործիչներն զբաղվեն իրենց գործով: Որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ` ես երբեք թույլ չեմ տա, որպեսզի քաղաքականությունը խառնվի սպորտին»:

Նա կարծիք է հայտնել, որ 5-րդ ընտրական խմբի ֆավորիտներն են Իսպանիայի եւ Թուրքիայի հավաքականները:

Խմբում ընդգրկված են Իսպանիայի, Թուրքիայի, Հայաստանի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Բելգիայի եւ Էստոնիայի հավաքականները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG