Մատչելիության հղումներ

Երեկ «Վան Արյան» տպարանի մոտ «Այլընտրանք» նախաձեռնության անդամ Արտակ Առաքելյանից առգրավվել է 4000 թռուցիկ, որոնք տեղեկացնում էին շաբաթ օրը Ազատության հրապարակում կայանալիք ընդդիմության հանրահավաքի մասին, որտեղ ելույթ է ունենալու Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-֊Պետրոսյանը:

Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայոց համազգային շարժման անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Արտակ Առաքելյանին բերման են ենթարկել Հարկային ծառայության օպերատիվ հետախուզության վարչություն եւ 6 ժամ այնտեղ պահելուց հետո պահանջել են 15 հազար դրամ տուգանք մուծել թռուցիկների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի բացակայության համար:

«Ամեն կերպ փորձում են թույլ չտալ իրազեկել հանրությանը, որ դեկտեմբերի 8-֊ին Ազատության հրապարակում մենք հանրահավաք ենք անցկացնելու»,֊ - ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Հարկային պետական ծառայության մամուլի քարտուղար Ալինա Խուդոյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե ՀՀՇ-ի հանրահավաքի գովազդային 4000 թռուցիկները դեկտեմբերի 5-ին «Վան Արյան» ՍՊԸ-ից բաց են թողնվել առանց հաշվարկային փաստաթղթի: Հարկայինի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները պարզել են, որ նշված ապրանքը չի գրանցվել պարզեցված հարկի, եկամուտների եւ ծախսերի հաշվառման գրքում: Խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն` թռուցիկները ժամանակավորապես վերցնելու վերաբերյալ:

Ըստ Հարկայինի մամլո քարտուղարի, նշված իրավախախտումները համապատասխանում են Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 169/1 հոդվածի հատկանիշներին, որով նախատեսվում է 15-20 հազար դրամ տուգանք:

Ի պատասխան այդ պարզաբանման` Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ այժմ ցանկացած բացատրություն կարող է տրվել, իսկ «իշխանությունների կողմից իրականացված այս ակցիայի նպատակն է եղել թռուցիկները դարձնել աղբ եւ հետո վերադարձնել»:


Ռուզան Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG